ԱՄՆ նախկին պետքարտուղար և առաջին տիկին Հիլարի Քլինթոնը պաշտպանել է Կիևի պահանջը, ըստ որի՝ Մոսկվան պետք է զորքերը դուրս բերի ուկրաինական տարածքներից և վերադառնա իր՝ մինչև փետրվարի 24-ն զբաղեցրած դիրքերը։ Այդ մասին գրել է Le Point-ը՝ France Culture-ին հղում անելով։ Քլինթոնի կարծիքով՝ հաջող քայլն այն կլինի, որ Ռուսաստանը պարտվի։
Քլինթոնը պատասխանել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ռուսաստանին «չնվաստացնելու» կոչին։ Քլինթոնն ասել է, որ Պուտինի պաշտոնը «հնացած» է, և Ռուսաստանի առաջնորդը «վաղուց է հատել կարմիր գիծը»։
Միևնույն ժամանակ, նախկին պետքարտուղարը կարծում է, որ Արևմուտքը պետք է ավելի շատ լսի Լեհաստանի և բալթյան երկրների ղեկավարությանը, որոնք «առաջնագծում են» և «շատ ավելի լավ են պատկերացնում՝ ով է Պուտինը, և որոնք են նրա նպատակները»: