Վրաստանը կշարունակի ԵՄ-ի հետ մերձեցման կուրսը, նույնիսկ, եթե նրան չտրամադրեն Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտարարել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Նա հերթական անգամ անդրադարձել է հունիսի 9-ին ընդունված Եվրախորհրդարանի բանաձևին՝ այն անվանելով վիրավորական։
Հիշեցնենք, Եվրախորհրդարանը Վրաստանում զլմ-ների վիճակի վերաբերյալ բանաձև էր ընդունել, որով կոչ էր անում դիտարկել իշխող «Վրացական երազանք - Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի դեմ անձնական պատժամիջոցներ սահմանելու հարցը՝ վրացական ժողովրդավարության վրա բացասաբար ազդելու հիմքով: Բանաձևի հեղինակները նաև կոչ են արել Վրաստանի իշխանություններին՝ ազատ արձակել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին և ընդդիմադիր «Մտավարի Արխի» հեռուստաալիքի նախկին տնօրեն Նիկա Գվարամիային։