ԱՄՆ Կոնգրեսի Կապիտոլիումի գրոհի հետաքննության հանձնաժողովը 2021 թվականի հունվարի 6-ին Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունների հիմնական պատասխանատվությունը դրել է այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփի վրա: «Հունվարի 6-ը հեղաշրջման փորձի գագաթնակետն էր, կառավարությունը տապալելու լկտի փորձ: Բռնությունը պատահական չէր. դա Թրամփի վերջին փորձն էր», - ասել է հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ կոնգրեսական Բենի Թոմփսոնը հինգշաբթի երեկոյան՝ հանրային լսումների առաջին փուլի բացման ժամանակ։
Հետաքննող հանձնաժողովի հանրապետական փոխնախագահ Լիզ Չեյնիի խոսքերով՝ «նախագահ Թրամփը կանչեց ամբոխին, հավաքեց և բորբոքեց այս հարձակման կրակը»։ Կապիտոլիումի գրոհից հետո ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովն ուսումնասիրել է ավելի քան 140 հազար փաստաթուղթ և հարցազրույց է վերցրել հազարից ավելի վկաներից՝ պարզաբանելու Թրամփի դերն այն ժամանակվա իրադարձություններում։
Չեյնիի խոսքով՝ հետաքննող հանձնաժողովը եզրակացրել է, որ Թրամփը անարդարացիորեն մեղադրանքներ է հնչեցրել ընտրակեղծիքների թեմայով, զսպելու փոխարեն խրախուսել անկարգությունները և դիմել է կոռուպցիայի՝ պաշտոնը պահպանելու համար: