Միջազգային

ԵՄ-ի հետ մերձեցման չգնալու դեպքում Թուրքիային սպառնում են սանկցիաներ

ԵՄ-ի հետ մերձեցման չգնալու դեպքում Թուրքիային սպառնում են սանկցիաներ

Եվրախորհրդարանը 448 կողմ, 67 դեմ և 107 ձեռնպահ ձայներով ընդունեց Թուրքիայի վերաբերյալ տարեկան զեկույցը՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Փաստաթղթում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերություններին:

Radar Armenia-ի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նշեց՝ սա նորություն չէ, քանի որ Եվրախորհրդարանը պարբերաբար բարձրաձայնում է այդ մասին։

Քաղաքագետի խոսքով՝ Թուրքիայի մասին զեկույցում շոշափվում են սիրիական, ուկրաինական հարցերը, Հունաստանի և Կիպրոսի հետ հարաբերությունների հարցը, և այդ պարագայում ԵԽ-ն չէր կարող շրջանցել Հայոց ցեղասպանության ճանաչման թեման. «Ոնց կարող էր Եվրախորհրդարանը Թուրքիայի մասին զեկույց անել, բոլոր շատ ակտուալ հարցերը նշել, խոսել աշխարհի հետ Թուրքիայի  հարաբերությունների մասին, բայց չհիշատակել Հայոց ցեղասպանության հարցը»։

Գրիգորյանի կարծիքով՝ Եվրախորհրդարանը հաշվի է առել նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը. «Հայ-թուրքական հարաբերությունների մասով գործընթաց սկսվեց, որը չեմ համարում ակտիվ, Եվրախորհրդարանը Թուրքիային նորից հիշեցնում է, որ Ցեղասպանությունը պետք է ճանաչել, նորմալացնել հարաբերությունները Հայաստանի հետ»։ 

Ավելի ուշ, Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտեց Եվրախորհրդարանի ընդունած այդ զեկույցը, որում նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ է արվում։ Քաղաքագետը Թուրքիայի այս արձագանքը սպասելի համարեց. «Չեմ կարծում, որ Եվրախորհրդարանը պետք է անընդհատ արձագանքի։ Թուրքիան եթե չգնա ԵՄ հետ մերձեցմանը, օրինակ, Սիրիայում անցկացնի միջոցառումներ՝ առանց ուժի կիրառման, կամ շարունակի ճնշումը Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ, չեմ բացառում, որ կսկսվեն ուժեղ սանկցիաներ Թուրքիայի դեմ»։

Անուշ Մկրտչյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական