Բրիտանական Times թերթի հաղորդմամբ՝ Ռոման Աբրամովիչը փաստաթղթեր է ուղարկել ԵՄ, որոնցում փորձում է ապացուցել, որ իր նկատմամբ կիրառված պատժամիջոցները խտրական են, անհամաչափ և հիմնված են Պուտինի մտերիմը լինելու կեղծ մեղադրանքների վրա։
«Վերջին 20 տարվա ընթացքում Ռոման Աբրամովիչը Մեծ Բրիտանիայում վճարել է 1,75 միլիարդ ֆունտ ստերլինգ հարկեր»,- գրում է Times-ը՝ վկայակոչելով նրա փաստաբաններին։ Սա նշանակում է, որ Բրիտանիայում և ԵՄ-ում ռուս գործարարն ավելի շատ հարկեր է վճարել, քան՝ Ռուսաստանում։
Աբրամովիչի ներկայացուցիչները հայտնել են, որ նա միայն 2019-20թթ․ Բրիտանիայում վճարել է ավելի քան 41 միլիոն ֆունտ ստերլինգ հարկեր և ապահովագրական վճարներ, ինչը նրան դարձնում է երկրի 25 խոշորագույն հարկատուներից մեկը:
Այս ամբողջ տեղեկատվությունը պարունակվում է ԵՄ ուղարկված պաշտոնական փաստաթղթերում։ Ենթադրվում է, որ նույն փաստաթղթերն ուղարկվել են բրիտանական կառավարություն։
Աբրամովիչը պնդում է՝ քանի որ ավելի շատ հարկեր է վճարում Բրիտանիայում և ԵՄ-ում, քան՝ Ռուսաստանում, ինքը չպետք է դիտարկվի որպես ռուսական պետության առաջատար ներդրող կամ որպես Ուկրաինայում Պուտինի քաղաքականության կողմնակից: