Միջազգային

Ղազախստանի նախկին նախագահ Նազարբաևը զրկվել է հատուկ կարգավիճակից

Ղազախստանի նախկին նախագահ Նազարբաևը զրկվել է հատուկ կարգավիճակից

Ղազախստանում սահմանադրական հանրաքվե է անցկացվել։ Մասնակիցները ճնշող մեծամասնությամբ հավանություն են տվել սահմանադրական փոփոխություններին՝ երկիրը սուպերնախագահական հանրապետությունից վերածել ուժեղ խորհրդարանական հանրապետության: Ղազախստանի ԿԸՀ-ի այսօրվա հաղորդմամբ՝ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի առաջարկած փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրողների 77,2%-ը, դեմ՝ 18,7%-ը։ Ընդհանուր առմամբ՝ հանրաքվեին ընտրողների մասնակցությունը կազմել է 68%։

Ղազախստանի նորացված սահմանադրությունը ամրագրում է նախագահի հավասարահեռ կարգավիճակը բոլոր քաղաքական կուսակցություններից և շարժումներից, արգելում է պետության ղեկավարի մերձավոր ազգականներին՝ ղեկավար պաշտոններ զբաղեցնել: Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը զրկվում է «Ելբասիի»՝ «ազգի հոր» սահմանադրական կարգավիճակից։

Ղազախստանի նախագահ Տոկաևն առաջարկել էր բարեփոխել սահմանադրությունն՝ այս տարվա հունվարին, երկրում տեղի ունեցած արյունալի անկարգություններից հետո։ Անկարգությունները սանձելուց հետո Տոկաևը Նազարբաևին և նրա հարազատներին զրկեց ազդեցիկ պետական ​​պաշտոններից։ Փորձագետները ներկայիս հանրաքվեն դիտարկում են որպես Տոկաևի թեկնածության նախապատրաստում երկրորդ նախագահական ժամկետին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական