ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Անկարա, որտեղ նախատեսված են նրա բանակցությունները Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Այս մասին այսօրվա ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։։
«Հունիսի 8-ին ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Անկարա՝ Թուրքիայի արտգործնախարարի հետ բանակցությունների համար։ Նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության իրավիճակն ու խորացման հեռանկարները, հարցերի լայն շրջանում։ Իհարկե, խոսքն առևտրատնտեսական համագործակցության մասին է՝ Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ ոչ լեգիտիմ պատժամիջոցների կիրառման պայմաններում»,- ասել է Զախարովան։
Նա հավելել է, որ կողմերը քննարկելու են նաև Ուկրաինայում իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ «Տեղի կունենա մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային օրակարգի ակտուալ հարցերի շուրջ, առաջին հերթին՝ Ուկրաինայի ներկայիս իրավիճակի, ինչպես նաև սիրիական, լիբիական, Լեռնային Ղարաբաղի կարգավորման, Բալկաններում, Աֆղանստանում, Կենտրոնական Ասիայում իրավիճակի շուրջ»,- նշել է Զախարովան։