Միջազգային

Էրդողանը ցանկանում է լարվածություն ստեղծել՝ Բայդենի հրավերին արժանանալու համար

Էրդողանը ցանկանում է լարվածություն ստեղծել՝ Բայդենի հրավերին արժանանալու համար

Ֆինլանդիայի և Շվեդիայի բանագնացներն օրեր առաջ Անկարա ժամանեցին՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումների վերաբերյալ թուրք պաշտոնյաների հետ բանակցելու նպատակով։ Ավելի ուշ, Reuters լրատվական գործակալության տվյալներով, ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության շուրջ Թուրքիայի հետ բանակցությունները որևէ արդյունք չեն տվել, և քննարկումները կողմերին չեն մոտեցրել խնդրի լուծմանը։ 

Radar Armenia-ի հետ զրույցում թուրքագետ Հակոբ Չաքրյանը, վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, նշեց, որ այդ հանդիպումները ապարդյուն են անցել. «Թուրքիան հատկապես Շվեդիային մեղադրում է Սիրիայում գործող քրդական ժողովրդի ստորաբաժանումները պաշտպանելու մեջ, իբր շվեդները զենք են տրամադրում, բայց առավելագույն զենք տրամադրող երկիրը ԱՄՆ-ն է, որը օգնել է՝ այդ աշխարհազորայինների խումբը վերածել կանոնավոր բանակի, որոնց շարքերում 60 հազար մարզված զինվոր կա։ Թուրքիայի ուժը Ամերիկայի հանդեպ չի պատում, Շվեդիային է մեղադրում»։

Թուրքագետի խոսքով՝ Ռեջեփ Էրդողանի խնդիրը ոչ այնքան Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելն է, որքան նախադրյալներ ստեղծելը, որ Բայդենը իրեն հրավիրի Սպիտակ տուն. «Էրդողանը ցանկանում է լարվածություն ստեղծել, որպեսզի Բայդենը իրեն հրավիրի Սպիտակ տուն, հետո հետ գա Թուրքիա և գլուխ գովի, ընտրողների լեզվով ասած, «համաշխարհային առաջնորդը»»։

Մայիսի 26-ին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ երկիրը ,սպառնալիքի աճի դեպքում, ստիպված կլինի նոր օպերացիա իրականացնել Սիրիայի սահմանային գոտում։ Էրդողանը նշել էր, որ առաջիկայում կսկսեն 30 կմ խորությամբ անվտանգություն գոտիներ ստեղծել։ Անտեսելով ԱՄՆ զգուշացումները՝ Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան չի սպասի Միացյալ Նահանգների թույլտվությանը՝ Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելու համար։

Չաքրյանը նկատեց՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև խնդիրներ արդեն առկա են, և Էրդողանը այդ մասին երկու շաբաթ է՝ ասում է, որ մի օր հանկարծակի կմտնեն Սիրիա և որևէ մեկին թույլ չեն տա՝ օգնել Սիրիայի դեմոկրատական ուժերին կամ  զինել ահաբեկիչներին. «Նրանց արդեն զինել են։ Միացյալ Նահանգները որոշել է և ունի քրդական ծրագիր, և հիմա նոր աշխարհակարգի ձևավորման մասին են հաճախակի խոսում, որով նախատեսվում է քրդական պետության ստեղծում, որի փորձը եղել է։ Դրանից է Թուրքիան վախենում։ Եթե Թուրքիայի և Սիրիայի անմիջական սահմանին քրդական պետություն ստեղծվի, դա ոգևորելու է Թուրքիայի քրդերին ևս»։ 

Թուրքագետի համոզմամբ՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասով թեև Թուրքիան իրավունք ունի, բայց որևէ բան անել չի կարող, որովհետև Ֆինլանդիան և Շվեդիան էլ իրավունք ունեն Թուրքիային ՆԱՏՕ-ից վտարել. «Դրանք դատարկ խոսակցություններ են։ ԱՄՆ-ն ասել է, որ Թուրքիայի մասով այդ հարցը կկարգավորեն։ Շատ հնարավորություններ էլ չունի, ֆինանսական ճգնաժամի մեջ է։ Թուրքիան Ամերիկայի կողմից պատժամիջոցների է ենթարկվում, Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը չեն ֆինանսավորում։ Էրդողանը Սաուդյան Արաբիա էր գնացել, հայտարարեց, որ իրեն հրավիրել են, սակայն բանակցություններից հետո Սաուդյան Արաբիայի պետական հեռուստաընկերությունը հայտարարեց, որ իրենք չեն հրավիրել, Էրդողանն է խնդրել և եկել՝ գումար ուզելու, իհարկե, գումարն էլ չեն տրամադրել։ Դե, եթե Թուրքիան ԱՄՆ-ի համար վստահելի դաշնակից չէ, իրենց համար՝ նմանապես»։ 

Անուշ Մկրտչյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական