Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, թե Եվրամիության երկրները համաձայնության են եկել պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շրջանակներում «Սբերբանկ»-ին տեղեկատվության փոխանցման և վճարումների կատարման SWIFT վճարային համակարգից անջատելու շուրջ: Նրա խոսքով՝ պատժամիջոցների փաթեթը ներառում է նաև այլ կոշտ միջոցներ, մասնավորապես, Ռուսաստանի խոշորագույն բանկի՝ «Սբերբանկ»-ի դեսվիֆթինգ։ Ինչպես Բրյուսելում լրագրողներին ասել է Եվրոպական խորհրդի ներկայացուցիչը, սա քաղաքական որոշում է, որին պետք է հետևի տեխնիկական ընթացակարգ։
Radar Armenia-ի հետ զրույցում տնտեսագետ Կարեն Ադոնցը նշեց՝ ՌԴ-ն ունի իր ներքին համակարգը, որը փոխարինում է SWIFT-ին. «ՌԴ-ն այսօր առևտրային սահմանափակումներ ունի արևմտյան շուկաների հետ։ Այդ հարցով խնդիրը SWIFT-ը չէ։ Հիմնական առևտուրը՝ էներգակիրներինը, իրականացվում է այլ մեխանիզմով։ ՌԴ-ն նոր վճարային մեխանիզմ և պայմաններ է դրել՝ ռուսական ռուբլով։ Այսինքն, պետք է ռուբլու հաշիվներ բացվեն, ընկերությունները ռուբլին ռուսական շուկայում գնեն։ Այդ առումով ևս մեկ բանկի՝ SWIFT-ի համակարգից անջատումը մեծ ազդեցություն չի ունենա»։
Ադոնցը տեսակետ հայտնեց, որ նման զարգացումները կանխատեսելի էին, և ՌԴ-ն պատրաստ է դրան. «Արդեն փորձարկումներ եղել են, երբ սկսեցին առաջին բանկերն անջատվել SWIFT համակարգից։ Ես չեմ կարծում, որ մեծ հարված կհասցվի, որոշ սահմանափակումներ, բնական է, կլինեն։ Մինչ այս պահը ՌԴ-ն ունեցել է այս խնդիրը՝ այլ բանկերի հետ կապված։ Նաև պետք է հաշվի առնել, որ դեռ կան բանկեր, որոնք չեն անջատվել համակարգից։ Որոշակի դժվարություններ կլինեն, բայց ՌԴ-ն հիմնական առևտուրն արդեն այլ մեխանիզմներով է իրականացնում»։
Ինչ վերաբերում է ՀՀ տնտեսության վրա հնարավոր ազդեցությանը, տնտեսագետն ասաց. «Այն վտանգները, որ կային, շարունակում են մնալ։ Ռուսական տնտեսության հավանական անկումն էլ հանգեցնում է վճարունակության նվազման։ Այդ առումներով՝ թե՛ տրանսֆերտների, թե՛ ռուսական շուկայում մեր ապրանքների վաճառքներին առնչվող դժվարություններ կարող են լինել, որոշակի անկում հնարավոր է, սակայն էական փոփոխություն չի լինի»։
Մարիամ Սարգսյան