ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով ԵԽ նախագահի միջնորդությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բրյուսելյան հանդիպմանը, ասել է, որ Մոսկվան տեսնում է ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ միջև պայմանավորվածությունների գործընթացի մեջ «միջամտելու ԵՄ-ի համառ փորձերը»:
«Այո, տեսնում ենք եռակողմ պայմանավորվածությունների գործընթացի մեջ միջամտելու ԵՄ համառ փորձերը, հուսով ենք, որ Բրյուսելը կօգնի դրանց իրականացմանը, ոչ թե կփորձի աշխարհաքաղաքական խաղեր խաղալ: Դա արդեն մենք չէինք ցանկանա»,-ասել է Զախարովան։
«ՌԴ ռազմավարական նպատակը Հարավային Կովկասը կայունության և բարգավաճման գոտու վերածելն է, այդ գործընթացին նպաստելը։ Այդ ճանապարհին առանցքային խնդիրներից մեկը Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորումն է՝ կայուն խաղաղության հաստատման համար։ Այդ ուղղությամբ ջանքերի հիմքում ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններն են, որոնց մասին բազմիցս է ասվել և որոնք անկասելիորեն կատարվում են։ ՌԴ-ն համակողմանի աջակցություն է ցուցաբերում Երևանին և Բաքվին բոլոր ուղղություններով, այդ թվում՝ տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման, սահմանազատման, հանրային երկխոսության հաստատման և խաղաղ պայմանագրի մշակման առումով»,-ասել է Զախարովան։
Զախարովան հավելել է նաև, որ ՌԴ-ն պատրաստ է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական սահմանազատման երկկողմ հանձնաժողովին, ինչը արձանագրված է 2021 նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարության մեջ և բազմիցս հաստատվել է բոլոր շփումների ժամանակ։
«ՌԴ-ն եզակի փորձագիտական ներուժ ունի հետխորհրդային տարածքում սահմանազատման և սահմանային վեճերի կարգավորման հարցում։ Մեր տրամադրության տակ են անհրաժեշտ քարտեզագրական նյութերը, ուրախ կլինենք կիսվել մեր նյութերով հայ և ադրբեջանցի բարեկամների հետ հանձնաժողովի գործունեության շրջանակում։ Ինչպես գիտեք, ռուսաստանցի փորձագետների թիմը խորհրդատվական աջակցության համար արդեն ձևավորվել է»,-ասել է Զախարովան։