Միջազգային

Զելենսկին՝ Քիսինջերին. «Սա 1938թ. չէ, և Ուկրաինան հողեր չի զիջելու Ռուսաստանին»

Զելենսկին՝ Քիսինջերին. «Սա 1938թ. չէ, և Ուկրաինան հողեր չի զիջելու Ռուսաստանին»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի հայտարարությունները Ռուսաստանի հետ հակամարտությունում Ուկրաինայի կողմից զիջումների անհրաժեշտության մասին։ Չորեքշաբթի՝ մայիսի 25-ի երեկոյան, Զելենսկին իր տեսաուղերձում այս հայտարարությունները համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին գերիշխող տեսակետի հետ և հիշեցրել 1938 թվականի Մյունխենի համաձայնագիրը, որից հետո Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Իտալիան, հուսալով խաղաղեցնել Ադոլֆ Հիտլերի տարածքային պահանջները, համաձայնեցին Գերմանիայի կողմից Չեխոսլովակիայի Սուդետի անեքսիային:

«Պարոն Քիսինջերը խոր անցյալից է դուրս գալիս և ասում, որ իբր պետք է Ռուսաստանին տալ Ուկրաինայի մի կտոր, որպեսզի Ռուսաստանը չօտարվի Եվրոպայից։ Կարծես, պարոն Քիսինջերը չունի 2022թ. օրացույց, փոխարենն ունի 1938թ. և կարծում է, որ լսարանի հետ խոսում է ոչ թե Դավոսում, այլ այն ժամանակվա Մյունխենում»,- նշել է Ուկրաինայի նախագահը։

Նա հավելել է, որ 1938 թվականին այդ ժամանակ 15-ամյա Քիսինջերն ընտանիքի հետ փախել է նացիստական ​​Գերմանիայից։ «Նա ամեն ինչ հիանալի հասկանում էր, և հետո նրանից չլսեցին, որ պետք է իբր հարմարվել նացիստներին՝ նրանցից փախչելու կամ նրանց դեմ կռվելու փոխարեն», - ասել է Զելենսկին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական