Թուրքիան ԱՄՆ-ին խնդրել է՝ հանել պաշտպանական արդյունաբերության ոլորտում երկրի նկատմամբ կիրառվող սահմանափակումները։ Այս մասին երեքշաբթի օրը Պաղեստին կատարած այցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Մենք ԱՄՆ-ին խնդրել ենք՝ վերացնել պաշտպանական սահմանափակումները, ու մենք կշարունակենք դա պահանջել»,- նրա խոսքերն է մեջբերել Hürriyet թերթը։
Հիշեցնենք, որ Անկարան Վաշինգտոնից իր ռազմաօդային ուժերի ինքնաթիռների համար խնդրել էր 40 «F-16 Block70» կործանիչ և 80 «Block70» արդիականացման կոմպլեկտ: Անկարայում F-16 ձեռք բերելու ցանկության մասին հայտարարվել է այն բանից հետո, երբ այն հանվել է հինգերորդ սերնդի F-35 կործանիչների արտադրության ծրագրից՝ կապված Ռուսաստանից S-400 ՀՕՊ համակարգի ձեռքբերման հետ։