Միջազգային

Ինչո՞ւ է Թուրքիան դեմ Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը

Ինչո՞ւ է Թուրքիան դեմ Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը

Ինչպես հայտնի է՝ Թուրքիան դեմ է արտահայտվել Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ 

Radar Armenia-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը տեսակետ հայտնեց, որ Թուրքիայի դիրքորոշումը գլխավորապես կապված է ՆԱՏՕ-ի անդամների հետ խնդիրներով. «Արդեն մի քանի տարի Թուրքիան լարված հարաբերություն ունի գլխավորապես ԱՄՆ-ի, այնուհետ նաև՝ ՆԱՏՕ-ի մի քանի կարևորագույն երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի հետ»։

Այդ լարվածության հետևանքով Թուրքիայի դեմ սահմանվել են պատժամիջոցներ։ Թուրքագետի խոսքով՝ այդ պատժամիջոցները սկսվեցին, երբ Թուրքիայում ձերբակալվեց ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին և մեղադրվեց լրտեսության՝ հեղաշրջման փորձի կազմակերպմանն աջակցելու մեջ. «Սա լուրջ ճգնաժամ առաջացրեց, սկսվեց Թուրքիայի և թուրք պաշտոնյաների դեմ պատժամիջոցների շարանը։ Թուրքիայի բանկերից մեկի դեմ ևս եղավ պատժամիջոց, որի պատճառն այն էր, որ բանկը ճեղքել էր Իրանի դեմ պատժամիջոցներն ու անօրինական գործունեություն արել։ Նաև սկսվել է «S-400»-երի խնդիրը։ Մինչև հիմա դեռ դրա հարցը չի լուծվել։ Ամերիկան պատժամիջոցներ սահմանեց, Թուրքիային հեռացրեց F-35-երի ծրագրից, հրաժարվեց Թուրքիային կարևորագույն զենքեր մատակարարել։ Եվրամիության երկրները 2019թ. Թուրքիայի՝ Սիրիա ներխուժումից հետո կրկին դեմ դուրս եկան նրան։ Այսինքն, այս ամեն ինչը բերեց Թուրքիայի դեմ իր գործընկերների կողմից պատժամիջոցների»։

Ըստ Իսպիրյանի՝ այժմ Թուրքիան ռուս-ուկրաինական հակամարտությունը փորձում է օգտագործել իր հեղինակությունը բարձրացնելու և այդ պատժամիջոցները չեղարկելու համար. «Թուրքիան կազմակերպեց հանդիպումներ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև՝ թե երկու երկրների արտգործնախարարների, թե երկրների պատվիրակությունների մակարդակով։ Սակայն դա առարկայական նկատելի արդյունքներ չապահովեց Թուրքիային»։

Իսպիրյանը նաև նկատեց, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների մեծ մասն Ուկրաինայի կողմն է. «Շատերին թվում է՝ Ռուսաստանն այնքան ազդեցություն ունի, որ կարող է Թուրքիային ստիպել։ Բայց՝ ոչ։ Թուրքիան, դեմ դուրս գալով Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը, Ռուսաստանից ևս փորձելու է ինչ-որ բաներ պոկել, սակայն Ռուսաստանը դրա դիմաց Թուրքիային տալու որևէ բան այս պահին ուղղակի չունի»։

Ոսկեհատ Պողոսյան 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական