Միջազգային

«Ռուսաստանը վաղ, թե ուշ ստիպված է լինելու գնալ զիջումների». Խուրշուդյան

«Ռուսաստանը վաղ, թե ուշ ստիպված է լինելու գնալ զիջումների». Խուրշուդյան

Ռուս-ուկրաինական հակամարտության ներկա փուլի և հնարավոր զարգացումների վերաբերյալ Radar Armenia-ն զրուցել է «Ազատ քաղաքացի» հ/կ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ։

- «Ազովստալ» մետաղագործական կոմբինատի տարածքում դիրքավորված ուկրաինացի զինծառայողները դուրս են եկել նկուղներից և լքել տարածքը։ Ի՞նչ զարգացումների սպասել։

- Սպասելի էր, որ շրջապատված Մարիուպոլը չի կարողանա շատ երկար դիմադրել, այդքան էլ որ դիմադրեցին, մեծ քաջություն էր պահանջում, որովհետև ռեսուրսների խիստ սակավության պայմաններում են՝ սննդամթերքի և դեղորայքի մասով, իսկ այնտեղ տասնյակ վիրավորներ կային։ Բայց դրանով պատերազմի ելքի մասին դատելը վաղ է։ Խարկովի մերձակայքում մեծ ճակատամարտ էր տեղի ունեցել, և ռուսական կողմը լուրջ կորուստներ է ունեցել, և տեղ-տեղ ուկրաինացիները դուրս են եկել՝ ընդհուպ մինչև Ուկրաինա-Ռուսաստան սահմանի վրա։ Կարծում եմ՝ այս պահի դրվագային իրադարձություններով, չէ, որ պետք է դատենք ռուս-ուկրաինական պատերազմի ելքը։ Ինձ համար կասկած չկա, որ Ուկրաինան հաղթելու է այս պատերազմում՝ այն իմաստով, որ Ռուսաստանին չի հաջողվելու իր առջև դրված խնդիրները լուծել, և այդ պատժամիջոցների բեռի տակ վաղ, թե ուշ ստիպված է լինելու գնալ զիջումների, դուրս բերել իր զորքերը: Հետագայում Ղրիմն էլ է անցնելու Ուկրաինային, դրանում ևս կասկած չունեմ։ Առնվազն կարող է միջազգային մանդատի ներքո անցնել, բայց Ռուսաստանի մասը չի դառնա։ Այնպես որ, կարծում եմ, իրադարձությունները Ուկրաինայի համար, անկախ նրանից, որ մեծ զոհեր է կրում և ավերածություններ ունենում, բարենպաստ են և դրական ելքեր են ունենալու։ Երբ Ուկրաինան ստացավ հեռահար հրետանի, որը անվտանգ տարածությունից հեշտությամբ կարող է խոցել ռուսական զրահատեխնիկան, կուտակումները և բազաները, ու Ռուսաստանին այլևս ոչինչ չի փրկի։ 

- ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններն առաջ չեն գնում։ Ըստ Ձեզ՝ ինչու։

- Սկզբում Ուկրաինան բավականին մեծ զիջումների էր պատրաստ, երբ Ռուսաստանը էապես մխրճվել էր իր տարածք, երբ դեռ ուժերը թարմ էին, Ուկրաինան էլ չէր ստանում այն ծավալի օգնություն, ինչպես հիմա է ստանում։ Այժմ, կարծում եմ, դա ուկրաինացիների նախաձեռնություն է, որ դանդաղեցնեն բանակցությունները և ավելի լավ դիրքեր գրավեն, որովհետև իրենք արդեն իրենց ավելի ուժեղ են զգում, տեսանելի է ռուսական բանակի հյուծվածությունը, նաև՝ մատակարարումների դանդաղումը։ Ռուսաստանը անճարությունից, քանի որ այլ տեղերից չի կարող զենք գնել, ստիպված է գնել դա Իրաքից, Հյուսիսային Կորեայից և, նույնիսկ, Կուբայից, ընդ որում՝ գնում է այն զենքերը, որոնք ժամանակին ինքն է վաճառել այդ երկրներին։ Կարող եք պատկերացնել՝ ինչ վիճակում է գտնվում հիմա ռուսական բանակը։ Պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանի զրահատեխնիկայի արտադրությունը վատ վիճակում է, էլ չասեմ ավտոմեքենաների մասին, որոնք հիմնական փոխադրամիջոցներն են ռազմական զորքերի համար ու արտադրվում էին Արևմտյան պահեստամասերում։ Պատահական չէ, որ Լավրովը բարձրաձայնում է Ուկրաինայի անզիջում դիրքորոշման մասին և նույնիսկ նեղսրտում, որ նախկինում Ուկրաինան ավելի զիջողական էր։ Մենք տեսնում ենք, թե իրավիճակը ում կողմն է փոխվում։ Մենք վերջապես տեսանք, որ Կիևի շրջանից ռուսական զորքերը ստիպված էին նահանջել։ Դա հաստատ բարի կամքի դրսևորում չէր։ Իրենք տեսան, որ իրենց ռեսուրսները չեն բավականացնում՝ բոլոր ճակատներով արդյունավետ մարտական գործողություններ վարելու համար։ Ուկրաինան պատրաստվում է համալրել իր բանակը 1 միլիոն զինակոչիկով, իսկ դրա համար պետք են ռեսուրսներ, զենք-զինամթերք, ուսուցում, ու դրա համար և՛ փող կա, և՛ զրահատեխնիկայի ապահովում Արևմուտքից։ Ռուսաստանի դեպքում լրիվ հակառակն է։ Փողը կամաց-կամաց հատնում է, Եվրոպան հրաժարվում է նավթից, ածխից, հաջորդը կլինի գազից հրաժարումը։ Ռուսաստանը փորձում է առաջ ընկնել որոշ երկրներից, գազ չմատակարարել, որպեսզի ցույց տա, որ ինքն էլ կարող է նման քայլերի դիմել, բայց դա ինքնասպանության նման բան է։ Եվրոպան կարող է հաղթահարել դա։ Հնարավոր է՝ տնտեսական աճը էապես դանդաղի գազի թանկացման արդյունքում, ստիպված լինի այլ տեղերից գնել, բայց կարող է հաղթահարել այդ խնդիրը, քանի որ մեծ ֆինանսական ռեսուրսներ և արդունավետ տնտեսություն ունեցող մայրցամաք և միավորում է։ Ռուսաստանը ամենաանարդյունավետ պետություններից մեկն է՝ կոռուպցիայի վրա հիմնված, որտեղ տնտեսական մեխանիզմները չեն աշխատում, և տնտեսության միակ հիմքը հսկայական ռեսուրսների արտահանումն է։ Այդքան ռեսուրսներ ունեցող երկիրը այդքան աղքատ չպետք է լիներ, գոնե նվազագույն արդյունավետություն պետք է ունենար, տնտեսական կառավարումը գոնե մի քիչ ժողովրդավար պիտի լիներ և ազատ մրցակցություն ապահովեր, կոռուպցիան ցածր լիներ։ Աշխարհի ռեսուրսների հսկայական մասը Ռուսաստանում է գտնվում, բայց Ռուսաստանը ընդամենը դրանք արտահանում էր։ Հիմա դա էլ չի կարողանում անել պատժամիջոցների պատճառով։ Շատ շուտով Ռուսաստանին մեծ ճգնաժամ է սպասվում։

- Ուկրաինայի նախագահ Զելենսկին խաղաղության հասնելու հեռանկարներից է խոսում։ Դուք խաղաղության հեռանկար տեսնու՞մ եք։

- Խաղաղություն, բնականաբար, վաղ, թե ուշ լինելու է, ուղղակի հարց է՝ ինչ ելքով և պատերազմի ինչ արդյունքներով։ Ես կարծում եմ՝ Պուտինը իր դեմքը փրկելու այլ տարբերակ չունի, նույնիսկ, երբ փորձում է Կիևից կամ Խարկովից նահանջը ներկայացնել որպես բարի կամքի դրսևորում կամ որպես տակտիկական մանևր, ակնհայտ է, որ չի անցնում։ Ռազմական փորձագետ Միխայիլ Խոդարյոնոկին, որը բարձրաստիճան վերլուծաբան է, տարօրինակորեն թողել են բաց տեքստով ասի, որ «այսպես շարունակվել չի կարող, որովհետև Ռուսաստանը մեկուսացման մեջ է հայտնվել և չի կարող երկար պատերազմել աշխարհի դեմ», որ «ուկրաինական բանակը գնալով հզորանալու է, իսկ ռուսական բանակը՝ թուլանալու»։ Եթե դա Ռուսաստանի լավագույն փորձագետներն են ասում, ընդ որում՝ իրենց թույլ է տրվում ասել, նշանակում է, որ փորձ է արվում ռուս հասարակությանը ետ շրջել այն ռազմատենչ, հաղթողական և կեղծ տրամադրություններից, որոնք ուռճացված ստեղծել էին քարոզչության միջոցով, որպեսզի կարողանա ետ քայլ անել, որովհետև այդպիսի սպասումների ֆոնին, երբ Ռուսաստանին թվում էր, որ իրենք ամբողջ Ուկրաինան գրավելու էին, ստիպված են առերեսվել իրականության հետ, որի համար պետք է պատրաստել հասարակությանը, ինչը նրանք սկսել են անել։ Բայց դա մեծ հաջողություն չի ունենա, որովհետև սկզբնական շրջանում եղած մոտեցումները շատ խոր արմատներ են գցել ռուս հասարակության մեջ, և եթե Ռուսաստանը նահանջի՝ իր կամքով, թե ստիպված, դա Պուտինի իշխանության վերջն է լինելու։ Այնպես որ, Պուտինը պատային իրավիճակում է գտնվում, և Արևմուտքում մտահոգ են, որ նման վիճակում նա կարող է ինչ-որ խելահեղ քայլեր անել, օրինակ՝ տակտիկական միջուկային զենք կիրառել, որը մեծ հզորություն չունի։ Ամենաթույլ տակտիկական միջուկային զենքը կարող է կիրառվել։

Անուշ Մկրտչյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական