Թուրքիան արգելափակել է Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու բանակցությունների մեկնարկը, որով կասկածի տակ է դրվում երկու երկրների՝ Դաշինքին արագ միանալու հնարավորությունը։ Անկարան ընդգծում է, որ իրենք պատրաստ են հետ կանչել պահանջները և կանաչ լույս վառել, սակայն դրա համար ցանկանում են երաշխիքներ ստանալ Ստոկհոլմից և Հելսինկիից։ Թուրքիան Ֆինլանդիային և, հատկապես, Շվեդիային մեղադրում է քրդական շարժումներին ակտիվորեն աջակցելու մեջ, որոնց Անկարան ահաբեկչական է անվանում։
«ՆԱՏՕ-ի ընդլայնումը մեզ համար իմաստ ունի, եթե նրանք հարգում են մեր տեսակետը: Քրդական աշխատավորական կուսակցության անդամներին ամեն տեսակի աջակցություն ցուցաբերելը և, միևնույն ժամանակ, մեզնից պահանջելը, որ մենք աջակցենք նրանց մուտքը ՆԱՏՕ, առնվազն անհետևողական է», - հայտարարել է Էրդողանը։
Վաշինգտոնը փորձում է լուծել խնդիրը։ Չորեքշաբթի օրը Նյու Յորքում կայացել է ԱՄՆ-ի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը։ Հանդիպումից հետո Չավուշօղլուն հայտարարել է. «Թուրքիան աջակցում էր ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը՝ նույնիսկ այս պատերազմից առաջ: Բայց ներկայիս թեկնածու երկրների համար մենք ունենք օրինական մտահոգություններ առ այն, որ նրանք կարող են աջակցել ահաբեկչական կազմակերպություններին»:
Նոր երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելը պետք է միաձայն հավանություն ստանա Դաշինքի բոլոր անդամների կողմից։ Միևնույն ժամանակ, ամերիկացի քաղաքական գործիչները փնտրում են նաև ազդեցության այլ լծակներ. օրինակ, Սենատը հայտարարել է, որ Թուրքիայի դիրքորոշումը կարող է բացասաբար ազդել ամերիկյան F-16 կործանիչների մատակարարման որոշման վրա։