Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հիասթափված է, որ Հայաստանը վերջին օրը չեղարկել է սահմանների սահմանազատման հարցով ադրբեջանական աշխատանքային խմբի հետ համաձայնեցված հանդիպումը, իսկ ավելի ուշ հրաժարվել է նոր հանդիպման առաջարկից։ Այս մասին Ալիևը հայտարարել է լիտվացի գործընկերոջ՝ Գիտանաս Նաուսեդայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Ադրբեջանը ժամանակին աշխատանքային խումբ էր ստեղծել, և պատրաստ էր պատվիրակություն ուղարկել։ Դա համաձայնեցված էր հայկական կողմի հետ։ Ի դեպ, սահմանի հետ կապված առաջին հանդիպումն անցկացնել առաջարկել էր Հայաստանի ԱԳՆ-ն։ Ադրբեջանն ընդունել էր այդ առաջարկը, և մենք պատրաստ էինք պատվիրակություն ուղարկել։ Սակայն վերջին օրը՝ ապրիլի 29-ին, Հայաստանը չեղյալ հայտարարեց արդեն համաձայնեցված հանդիպումը։ Դա շատ հիասթափեցրեց։ Առավել հիասթափեցնողն էր, դարձյալ ելնելով Հայաստանի նախնական առաջարկից, մայիսի 7-11-ը սահմանին նոր հանդիպում անցկացնելուց Հայաստանի հրաժարվելը»,- ասել է Ալիևը։