Միջազգային

«Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ կախված է ՌԴ դիրքորոշումից». Մարգարյան

«Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ կախված է ՌԴ դիրքորոշումից». Մարգարյան

Ֆինլանդիան և Շվեդիան հայտարարել են ՆԱՏՕ-ին անդամակցության մասին, ինչը, ըստ իրենց, պայմանավորված է Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժմամբ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն, անդրադառնալով Ֆինլանդիայի որոշմանը, ասել է, թե այդ երկրների անդամակցությունը ՆԱՏՕ-ին վտանգ չի ներկայացնում ՌԴ-ի համար։

Radar Armenia-ի հետ զրույցում ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանն, անդրադառնալով ՌԴ արձագանքին, նշեց. «Ռուսաստանի և Ֆինլանդիայի ղեկավարների միջև եղել է հեռախոսազրույց, որի ժամանակ ֆինլանդական կողմը ներկայացրել է՝ ինչով է պայմանավորված նման որոշումը։ Ինչպես Ֆինլանդական կողմն է նշում, ռուսական կողմն արձագանքել է բավական հանգիստ, բայց նաև՝ ընդգծել, որ դա սխալ որոշում է, ու Ֆինլանդիան չպիտի գնա նման ճանապարհով»։

Փորձագետի խոսքով՝ Ֆինլանդիան իր քայլը մեկնաբանում է նրանով, որ սպառնալիքներ է տեսնում Ռուսաստանից, որը փորձում է «բռնանալ Ֆինլանդիայի կամքի վրա». «Այսինքն այն, որ Ֆինլանդիան նեյտրալ է եղել և ՆԱՏՕ-ին չի անդամակցել, դա նրա ընտրությունն է եղել։ Ֆինլանդական կողմի պնդմամբ՝ Ռուսաստանը հիմա փորձում է ազդել ՆԱՏՕ-ի ընդլայնման ցանկացած փորձի վրա, ինչը իր համար ընդունելի չէ»։

Մարգարյանը չբացառեց, որ սա ազդարարում է կողմերի՝ հնարավոր բանակցային սեղանի շուրջ նստելու գործընթացի մասին. «Վերջին օրերին շատ է այդ մասին խոսվում, որ Արևմուտքը այս իրավիճակում Ռուսաստանի դեմքը փրկելու անհրաժեշտություն է տեսնում. ես չեմ բացառում, որ սա հենց կարող է լինել այդ եղանակը։ Այսինքն, Ֆինլանդիան ցանկություն է հայտնում անդամակցել ՆԱՏՕ-ին, այդ հողի վրա արդեն Ռուսաստանը սկսում է բանակցել հավաքական Արևմուտքի հետ և գալիս է մի եզրահանգման, որ դրա անհրաժեշտությունն էլ չկա, և, առհասարակ, կարելի է ուկրաինական ճգնաժամից հանգուցալուծման ուղղությամբ շարժվել»։

Մարգարյանը բացառեց, որ ռուսական կողմն ուժ կիրառի Ֆինլանդիայի դեմ։ Ըստ նրա՝ նման բան չի էլ քննարկվում, ռուսական կողմն ուղիղ տեքստով ասել է, որ իրենցից որևէ սպառնալիք չի կարող լինել Ֆինլանդիայի նկատմամբ։

Միաժամանակ, փորձագետը հիշեցրեց՝ Թուրքիան դեմ է արտահայտվել Ֆինլանդիայի հնարավոր անդամակցությանը. «Սա ևս ինչ-որ կերպ Ռուսաստանի դեմքը փրկելու տարբերակ կարող է լինել։ Գիտենք, որ ՆԱՏՕ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, և եթե անդամ պետություններից մեկը դեմ է այդ գործընթացին, ապա այն, ըստ էության, քննարկման փուլից առաջ չի շարժվում։ Ես չեմ բացառում, որ Թուրքիան այստեղ իր պայմանական դերակատարությունը կարող է ունենալ»։

Փորձագետի կարծիքով՝ Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ մեծապես կախված է նրանից, թե Ռուսաստանը ինչ գիծ կբռնի Ուկրաինայում. «Եթե հստակ մեսիջներ լինեն առ այն, որ ՌԴ-ն հետքայլ է անում Ուկրաինայից, կարծում եմ՝ ՆԱՏՕ-ն ինքը չի գնա Ֆինլանդիայի ուղղությամբ ընդլայնվելուն»։

Ոսկեհատ Պողոսյան 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական