Միջազգային

Թուրքիայի հնարավոր իշխանափոխությունն ու դրա ազդեցությունը Հայաստանի վրա

Թուրքիայի հնարավոր իշխանափոխությունն ու դրա ազդեցությունը Հայաստանի վրա

Մոտ մեկ տարի անց Թուրքիայում պետք է անցկացվեն նախագահական ընտրություններ։ Radar Armenia-ն թուրքագետ Անահիտ Վեզիրյանի հետ զրուցեց Թուրքիայի ներքաղաքական իրավիճակի մասին։ 

- Թուրքիայում ի՞նչ տրամադրություններ կան ընտրություններին ընդառաջ, և արդյո՞ք գործող նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հավակնում է մնալ իշխանության։

- Թուրքիայում ընտրությունների ընդհանուր տրամադրությունը հասկանալու համար դեռ վաղ է, որովհետև այս մի տարվա ընթացքում, բնականաբար, Էրդողանը հանգիստ չի նստելու և կարողանալու է իր քարոզարշավի միջոցով ինչ-որ բաներ շտկել։

Հիմա Էրդողանի քայլերը հիմնված են տնտեսական գործոնի վրա. անընդհատ սոցիալական ծրագրեր են իրականացվում՝ մարդկանց շահագրգռելու, սոցիալական վիճակը, աղքատությունը մեղմելու համար։

Եթե նայում ենք նախորդ ընտրությունների նախօրյակին իշխանության քայլերին, բնականաբար, պարզ է, որ իշխանությունը մեկ տարի առաջ արդեն սկսում է կոնկրետ հենց նախընտրական քայլեր իրականացնել, որոնք կանդրադառնան ընտրությունների արդյունքների վրա։ Այս պարագայում դրանց շարքում կարելի է դասել իրականացվող սոցիալական ծրագրերը։ Կառավարության գրեթե ամեն նիստից հետո Էրդողանը հրապարակում է սոցիալական խավերին ուղղված դժվարությունները մեղմացնող ծրագրեր, որոնք նպատակ ունեն ժողովրդի շրջանում դժգոհությունները նվազեցնելու։ Այսինքն, ընտրություններից առաջ արդեն իրականացվում են այդ քայլերը՝ սեփական ընտրազանգվածի նվազումը կանխելու և, հակառակը, հետ բերելու ուղղությամբ։

Հաշվի առնելով Էրդողանի բնավորությունը, որպես քաղաքական գործիչ՝ նրա էությունը, մտածելակերպը, ինքը «նստող և ասող» չէ։ Ինքն է ամեն գործողություն կատարում՝ որպես պոպուլիստ անձնավորություն։ Այսինքն, ընտրություններից առաջ և քարոզարշավի ընթացքում մենք արդեն կտեսնենք՝ ինչ ակտիվ է լինելու Էրդողանը, ինչպես եղել է 2018թ․, 2014թ. և դրանից առաջ՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

- Բացի իշխող «Արդարության և զարգացման» կուսակցությունից՝ ո՞ր ուժերն են հավակնում իշխանության։

- Ճիշտ է՝ Էրդողանի և իր գլխավորած կուսակցության վարկանիշը՝ կառավարման սկզբի համեմատ, նվազել է՝ հասնելով պատմական մինիմումի, սակայն դա դեռ ոչինչ չի նշանակում։

Եթե առանձնացնենք խորհրդարան անցնող միակ ժողովրդավար, համեմատաբար ձախակողմյան ուժին՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը, ապա Թուրքիայում գրեթե բոլոր ուժերը ազգայնական կուսակցություններ են։

Իսկ քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը, հաշվի առնելով Թուրքիայում ստեղծված իրավիճակը, ընտրապայքարի ձև է ընտրել, որտեղ առաջ են մղվում ավելի լիբերալ, ազգայնականությունից փոքր-ինչ ձախակողմ գնացող, սիրո, համերաշխության, անցյալի հետ հաշտվող քարոզչական հայացքները։

Թերևս, միակ հանգամանքը, որ կարող է դրական ազդեցություն ունենալ, այն է, որ ժողովրդահանրապետական կուսակցության անդամներն ավելի եվրոպամետ են համարվում։ Բայց պետք է հիշել, որ երբ Էրդողանը իշխանության էր գալիս, ինքը ևս եվրոպամետ էր համարվում և ուներ եվրոպական աջակցություն։ 

Ամեն դեպքում, Էրդողանի նման խարիզմատիկ գործիչ ընդդիմության շարքերում դեռևս չի նշմարվում, բայց, այնուամենայնիվ, այդ քեմալական կուսակցությունը բավականին հարուստ անցյալ ունի։ Բացի այդ՝ պետք չէ մոռանալ, որ ժողովրդահանրապետական կուսակցությունը դաշինքով է մասնակցում ընտրություններին, և իր աջակիցն ու գործընկեր կուսակցությունը ազգայնամոլական կուսակցություն է՝ «Ազգայնական շարժում»-ից դուրս եկած քաղաքական գործիչները, որոնք նույն իդեոլոգիայով են իրենց կուսակցությունը ստեղծել։

- Ի՞նչ ազդեցություն կունենա Թուրքիայում իշխանափոխությունը հայ-թուրքական հարաբերությունների վրա, մեզ ձեռնտու է իշխանափոխությու՞նը, թե՞ Էրդողանի՝ իշխանության մնալը։

- Քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը «անցյալի հետ հաշտվել» բառակապակցությունը թեև օգտագործում է իրենց քարոզչության մեջ, բայց դրա մեջ հայկական հարցն ու հայ ժողովուրդը, կարծես թե, չեն մտնում։ Չենք կարող ասել, որ այս թևի հաղթանակի պարագայում կարելի է ակնկալել լուրջ փոփոխություններ Հայաստանի, հայ ժողովրդի և ընդհանրապես հայկական հարցի վերաբերյալ։ Նրանք ևս ազգայնական կուսակցություն են։

Թուրքիայի քաղաքական դաշտը գրեթե ամբողջապես բաղկացած է ազգայնական կուսակցություններից՝ որոշակի ազգայնական ուղղվածությունների տարբերակումներով, բայց այդ տարբերակումները Հայաստանի համար որևէ էական նշանակություն չունեն, որովհետև առաջին ազգայնական մտածելակերպի հարվածի տակ ընկած են Օսմանյան կայսրության «փոքրամասնությունները» (այնտեղ այդ ընկալումը դեռևս մնացել է)։ Այսինքն, ակնկալել, որ կտրուկ փոփոխություն է լինելու, Հայաստանի հետ հարաբերություններն՝ առանց Թուրքիայի շահերը առաջ մղելու, պետք է կարգավորվեն և այլն, սխալ է, որովհետև իրականությունը չեն արտացոլում։

Ոսկեհատ Պողոսյան 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական