Մայիսի 12-ին Դուշանբեում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Վերահաստատվել է 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած հանձնառությունների բոլոր դրույթների խստիվ պահպանման ու անվերապահ կատարման կարևորությունը:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակման, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման պայմանագրի վերաբերյալ։
Նշվել է, որ կա առաջընթաց եռակողմ համաձայնագրերի իրականացման առանցքային ոլորտներում, այդ թվում՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը՝ եռակողմ աշխատանքային խմբի միջոցով, որը համանախագահում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետները։ Քննարկվել են նաև դրանք գործարկելու ջանքերը։ Քննարկվել է ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացը՝ կողմերի խնդրանքով ու Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ։
Քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրի նախապատրաստման թեմաները, որին ռուսական կողմը նույնպես պատրաստ է ամեն կերպ աջակցել։
Նախարարները կողմ են արտահայտվել Ռուսաստանի մասնակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի հասարակության ներկայացուցիչների միջև երկխոսության շարունակական գործընթացին։