Միջազգային

«Գերմանիան չի կարող հրաժարվել ռուսական գազից». տնտեսագետ

«Գերմանիան չի կարող հրաժարվել ռուսական գազից». տնտեսագետ

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին մամուլի ասուլիսում ասել է, որ Գերմանիան ռուսական գազի դիմաց արդեն վճարել է ռուբլով։ Միևնույն ժամանակ, գերմանական «Uniper SE» ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ վճարման ժամկետը լրանում է մայիսի վերջին։

Radar Armenia-ի հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանը նշեց՝ գերմանական տնտեսությունը չի կարող առանց ռուսական գազի գործել, քանի որ ներքին սպառվող գազի 50-60%-ը ներկրում է ՌԴ-ից. «Գերմանական ընկերությունները հանդիսանում են գազի տարանցիկությունը պահպանող կարևոր օղակներից մեկը. Ռուսաստանը գազը մղում է Գերմանիա, Գերմանիան վերավաճառում կամ փոխանցում է եվրոպական այլ երկրներին»։

Տնտեսագետի խոսքով՝ Ռուսաստանի համար Եվրոպայում գազի թիվ մեկ գործընկերը Գերմանիան է, և վերջինս չի կարող հրաժարվել ռուսական գազից, քանի որ իր տնտեսությունը ամբողջությամբ կանգ կառնի. «Եթե Ռուսաստանը հրաժարվի գազ մատակարարելուց, գերմանական ընկերությունները մեծ կորուստներ կունենան ներքին շուկայում և չեն կարողանա գազ արտահանել կամ մատակարարել»։

Մի շարք եվրոպական երկրներ հրաժարվել են ռուսական գազը ռուբլով վճարելուց, ինչի վերաբերյալ Պարսյանը նշեց, թե Եվրոպան մեծ կախվածություն ունի ռուսական գազից, և Եվրոպայի կողմից սպառվող գազի մոտ 40%-ը մատակարարում է Ռուսաստանը. «Եվրոպական երկրները ի վիճակի չեն կարճ ժամանակում փոխարինել ռուսական գազը այլ երկրինով, քանի որ դրա համար պետք է ունենան համապատասխան ենթակառուցվածքներ, մասնավորապես՝ նավահանգիստներ, որոնք հագեցած կլինեն գազի ընդունման սարքավորումներով և կայաններով»։ 

Հարցին, թե ռուսական գազը ռուբլով վճարելուց հրաժարվող եվրոպական մյուս երկրները չունե՞ն կախվածություն ռուսական գազից, տնտեսագետը պարզաբանեց՝ նրանք ունեն այլընտրանքային մատակարարի հնարավորություններ. «Նրանք կարող են ԱՄՆ-ից ստանալ, Կատարից, Նորվեգիայից, բայց նրանց մատակարարած հեղուկ գազը անհամեմատ թանկ է»։

Անուշ Մկրտչյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական