Միջազգային

«Առայժմ տրանսպորտային հաղորդակցությունների բացման աշխատանքներում առաջընթաց չի գրանցվել». Բայրամով

«Առայժմ տրանսպորտային հաղորդակցությունների բացման աշխատանքներում առաջընթաց չի գրանցվել». Բայրամով

Հանդիպման սկզբում Սերգեյ Լավրովը շնորհակալություն է հայտնել իր գործընկերներ Ջեյհուն Բայրամովին և Արարատ Միրզոյանին՝ ռուսական կողմի առաջարկին արձագանքելու համար. «Մենք շահագրգռված ենք Հարավային Կովկասը վերածել խաղաղության, կայուն զարգացման և բարգավաճման գոտու»,- ասել է Լավրովը։

Ըստ Լավրովի՝ Մոսկվան շահագրգռված է կողմերի միջև վստահության մեծացմամբ և հայ-ադրբեջանական լիարժեք հարաբերությունների կարգավորման համար պայմաններ ստեղծելով։ «Հուսով եմ՝ այսօրվա հանդիպումը հնարավորություն կտա՝ առաջ գնալ այն ճանապարհով, որը նախանշել են մեր ղեկավարները»,- ասել է Լավրովը։

Բայրամովն իր հերթին նշել է, որ հանդիպումը «լավ հնարավորություն է՝ քննարկելու այն առաջընթացը, որին կարելի է հասնել»։ Միաժամանակ, նա ափսոսանք է հայտնել, որ առայժմ տրանսպորտային հաղորդակցությունների բացման աշխատանքներում առաջընթաց չի գրանցվել. «Ես գիտեմ, որ գործընկերների միջև շփումները շարունակվում են, և մենք կարծում ենք, որ լավ հեռանկար ու հնարավորություն կա՝ արդյունքի հասնելու և եռակողմ հայտարարություններն ամբողջությամբ իրականացնելու համար», - ասել է Բայրամովը։

Բայրամովը նաև նշել է, որ հավատում է, որ մոտ ապագայում գոնե հնարավոր կլինի սկսել սահմազատման ու սահմանագծման գործընթացը․ «Մեր կողմից մենք պատրաստ ենք սկսել աշխատանքը խաղաղության պայմանագրի շուրջ և կարծում ենք, որ այսօրվա հանդիպումը, շփումների շարունակությունը դրական ազդեցություն կունենա այս թեմայի շուրջ քննարկումների շարունակման վրա»։

Միրզոյանը հանդիպման սկզբում նշել է, որ Հայաստանը հավատարիմ է  մնում երեք երկրների ղեկավարների միջև բոլոր պայմանավորվածությունների և հայտարարությունների իրականացմանը։ «Մենք պատրաստ ենք շարունակել բոլոր աշխատանքները ներկայիս ձևաչափերի վրա՝ տարածաշրջանում տնտեսական ենթակառուցվածքների հաղորդակցությունների բացման և խաղաղության պայմանագրի շուրջ, կամ, ինչպես երևի ավելի ճիշտ է անվանել դա՝ պայմանագիր՝ հարաբերությունների կարգավորման, հաստատման և մնացած բոլոր խնդիրների լուծման, այդ թվում՝ հումանիտար, ռազմագերիների ազատ արձակման և չլուծված մնացած այլ խնդիրների մասին»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական