Մոսկվայի Կարմիր հրապարակում՝ Հաղթանակի շքերթի ժամանակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Ռուսաստանի սահմանների մոտ անմիջական սպառնալիք էր ստեղծվում, հարձակում էր նախապատրաստվում, այդ թվում՝ «ռուսական Ղրիմի» վրա, և ՌԴ-ն կանխարգելիչ հակահարված է տվել ագրեսիային։
Ըստ միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի՝ այս հայտարարությունը բավականին հետաքրքիր է։ Radar Armenia-ի հետ զրույցում նա նշեց. «Հաշվի առնելով ՌԴ նախագահի անձն ու անցած ճանապարհը՝ չեմ կարծում, թե մտացածին հայտարարություն էր։ Սահմանների մոտ կա սպառնալիք, և ՌԴ նախագահը չբացառեց, որ Ուկրաինայի նման կանխարգելիչ հարվածներ կարող են հասցվել նաև այլ երկրների, որոնք կփորձեն ՌԴ սահմանների անվտանգության դեմ ուղղված ինչ-որ քայլեր կատարել»։
Փորձագետն ընդգծեց՝ ՌԴ նախագահը բազմիցս նշել է, որ օպերացիան իրականացվում է գործող պլանին համապատասխան, պատասխանատուները կոնկրետ ժամկետների մասին չեն խոսել. «ՌԴ-ին հաջողվեց փետրվարի 24-ից մինչ այս պահը կտրել Ուկրաինան, լուրջ հսկողություն է սահմանվել Օդեսայի հարակից ջրային տարածքների նկատմամբ, Մարիուպոլն ու այլ քաղաքներ ամբողջությամբ գտնվում են ռուսական վերահսկողության տակ։ ՌԴ-ն տեսականորեն կարող էր նաև 10 օրում էլ այդ հատվածներն ամբողջությամբ վերցնել, եթե անխնա ռմբակոծության ենթարկեր՝ առանց հաշվի առնելու խաղաղ ազգաբնակչության առկայությունը»։
Ըստ Բալասանյանի՝ եթե ՌԴ-ն գնում է այս ճանապարհով, հաշվի է առնում երկու բան՝ այդ տարածքների վերականգնումը լինելու է իր բյուջեի հաշվին, և երկրորդ, այնտեղ բնակվողներն իրենց ռուս են համարում, և անհասկանալի կլիներ իր ազգաբնակչության նկատմամբ անխնա դաժան ուժի կիրառումը. «Որոշակիորեն սրանով է պայմանավորված ռուսական գործողության դանդաղումը։ Հաջորդիվ՝ դանդաղման ամեն օրը Եվրոպայի տնտեսությանը անդառնալի կորուստներ, ծանր հարվածներ է հասցնում, որոնցից եվրոպական տնտեսությունը շատ երկար ժամանակ չի կարողանալու դուրս գալ»։
Միջազգայնագետի պնդմամբ՝ Արևմուտքից ուղարկված զենքն Ուկրաինա մտնելուց հետո կա՛մ անմիջապես անցնում է ռուսական կողմի ձեռքը, կա՛մ ոչնչացվում է. «Նրանք ոչնչի չեն հասնում՝ զինելով Ուկրաինային։ Բացի այդ, վերջինիս տրվում է ամենատարբեր երկրների արտադրության զենք, բայց ուկրաինական բանակն ունակ չէ դրանք գործածել, հմտության հարց կա, որը Ուկրաինայի համար լրջագույն խնդիր է»։
Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիայի ՊՆ հայտարարությանը, թե Պուտինը մայիսի 9-ի շքերթին չկարողացավ հայտարարել Ուկրաինայում ռազմական հաջողությունների մասին, Բալասանյանն ասաց, որ շքերթների ժամանակ երկրի ղեկավարը չի հայտարարում պլանների կամ արածի մասին. «Իսկ այն, որ Արևմուտքը փորձում է պարբերաբար այս կամ այն կերպ հիմնավորումներ գտնել ռուսական զենքի անհաջողության վերաբերյալ, խոսում է այն մասին, որ ռուսական գործողությունը նախանշված ուղով հստակ գնում է։ Արևմուտքը շատ լավ հասկանում է՝ այն տարածքները, որոնք ամեն օր անցնում են ռուսական հսկողության տակ, այլևս երբեք չեն վերադառնալու Կիևին»։
Մարիամ Սարգսյան