Իրանը և Թուրքիան պետք է ավելի քան երբեւէ համագործակցեն շրջակա միջավայրի պաշտպանության և ջրերի կառավարման ոլորտում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը թուրք գործընկեր Մեւլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում, հայտնում է IRNA գործակալությունը։
Հոսեյն Ամիրաբդոլլահիանը նշել է, որ այդ կապակցությամբ մնացած չլուծված հարցերը պետք է հնարավորինս արագ լուծվեն երկկողմ համագործակցության շրջանակներում և Ջրային համատեղ կոմիտեում։ Նրա խոսքով՝ առանձնահատուկ նշանակություն ունեն բնապահպանական փոփոխությունները եւ ջրի հրատապ խնդիրը։
Մևլութ Չավուշօղլուն իր հերթին նշել է, որ բարիդրացիական հարաբերությունների և վերջերս ձեռք բերված պայմանավորվածության շնորհիվ նա ինքն է զբաղվում բնապահպանական խնդիրներով։ «Ջրային ռեսուրսների համատեղ կառավարումը կվերահսկվի Թուրքիայի համապատասխան կառույցների միջոցով, եւ պարբերաբար Ջրային ռեսուրսների համատեղ կոմիտեի նիստեր կանցկացվեն»,- ընդգծել է Մևլութ Չավուշօղլուն։