Համաձայն Քիլի Համաշխարհային տնտեսության ինստիտուտի (IfW) հաշվարկների՝ Ուկրաինայում պատերազմի երկրորդ ամսվա ընթացքում ԵՄ երկրները մշտապես մեծացրել են այս երկրին ռազմական, հումանիտար և ֆինանսական օգնության ծավալները և այդ հարցում մոտեցել ԱՄՆ-ին։ Ուկրաինային օգնություն տրամադրող ավելի քան 30 արևմտյան պետություններից Գերմանիան և Լեհաստանը ապրիլին ամենաշատն են մեծացրել Կիևին աջակցելու՝ իրենց պարտավորությունները:
Հունվարի վերջից ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է 10,3 մլրդ եվրո օգնություն։ Բացի այդ՝ մի քանի օր առաջ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց 33 միլիարդ դոլար արժողությամբ օգնության հսկայական փաթեթի մասին, որը Կոնգրեսը դեռ պետք է հաստատի: Մինչդեռ ԵՄ երկրների, Եվրամիության տարբեր գերատեսչությունների և Եվրոպական ներդրումային բանկի օգնության ընդհանուր ծավալն այժմ կազմում է 12,8 միլիարդ եվրո։