Միջազգային

ՌԴ-ի համար տարբերություն չկա՝ գազ չվաճառե՞լ, թե՞ վաճառել արտարժույթով

ՌԴ-ի համար տարբերություն չկա՝ գազ չվաճառե՞լ, թե՞ վաճառել արտարժույթով

Ռուսական «Գազպրոմ»-ը Լեհաստանին և Բուլղարիային ծանուցել է, որ այսօրվանից դադարեցնում է բնական գազի մատակարարումը։ 

Ավելի վաղ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջել էր, որ այն երկրները, որոնց ՌԴ-ն համարում է ոչ-բարեկամական, համաձայնեն սխեմային, որը պահանջում է «Գազպրոմբանկ»-ում բացել հաշիվներ և վճարումներ կատարել ռուսական գազի ներկրման համար եվրոյով կամ դոլարով, որն այնուհետև կվերածվի ռուբլու:

Radar Armenia-ի հետ զրույցում տնտեսագետ, Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ Արմեն Քթոյանը տեսակետ հայտնեց, որ դա ստեղծված իրավիճակի տրամաբանական շարունակությունն է։ Ըստ նրա՝ Արևելյան Եվրոպայի երկրների շարքում կան ՌԴ-ի հետ ավելի անհաշտ դիրքորոշում ունեցողներ, որոնք ժամ առաջ՝ առանց որևէ կոմպրոմիսի, ձգտում են վերացնել իրենց կախվածությունը ռուսական էներգակիրներից. «Սա այն քաղաքականության շարունակությունն է, որ Եվրամիությունը հայտարարում է, որ էներգակիրների այլընտրանքային աղբյուրներ է որոնում, տնտեսման ռեժիմների է անցնում, ինչը որոշ ժամանակ հետո թույլ կտա նվազեցնել ՌԴ-ից էներգակիրների ներկրումը»։

Ըստ տնտեսագետի՝ եվրոպական նշված երկրները ընտրել են ՌԴ-ի հանդեպ պատժամիջոցների տարբերակը՝ շատ լավ հասկանալով, որ ՌԴ կողմից հաջորդ քայլը լինելու է գազի մատակարարման դադարեցումը, բայց իրենց որոշումն ավելի շատ գաղափարական, սկզբունքային դաշտում է՝ ՌԴ-ի համար պատժամիջոցներն ավելի ցավոտ դարձնելու միտումով։

Դիտարկմանը, որ հենց ՌԴ նախաձեռնությամբ է դադարեցվում գազամատակարարոմը, Քթոյանն արձագանքեց. «Միևնույնն է, եթե ՌԴ-ն արտարժույթով շարունակեր վաճառել, չէր կարողանա արտարժութային հասույթը լիարժեք ծավալով օգտագործել։ Նույնն է, որ տվյալ երկրներին էներգակիր չվաճառի։ Ի՞նչ տարբերություն՝ հրաժարվու՞մ է վաճառել, թե՞ վաճառում է և չի կարողանում ստացված արտարժույթից օգտվել։ ՌԴ-ի համար ֆինանսական տեսանկյունից արդյունքը նույնը կլիներ»։

Մարիամ Սարգսյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական