Միջազգային

Իրանը տանկային դիվիզիա է տեղակայել Աֆղանստանի սահմանին

Իրանը տանկային դիվիզիա է տեղակայել Աֆղանստանի սահմանին

Իրանի իշխանությունները Աֆղանստանի հետ սահմանին զրահատեխնիկա են տեղակայել։ Այս մասին երեքշաբթի հայտնել է աֆղանական Aamaj News գործակալությունը։ Նշվում է, որ սահման է ուղարկվել 88-րդ «Պանզեր» տանկային դիվիզիան։ Այս որոշումն ընդունվել է անվտանգության նկատառումներից ելնելով՝ Դոկարուն (Իրան) - Իսլամ-Կալա (Աֆղանստան) սահմանային անցակետերի մոտ տեղի ունեցած վերջին միջադեպերի պատճառով։

Ապրիլի 23-ին անցակետում սահմանապահների միջև կոնֆլիկտ էր ծագել, ինչը հանգեցրել էր իրանական կողմից սահմանային անցակետի ժամանակավոր փակմանը։ Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թալիբները սկսել են Իսլամ-Կալայի մոտ ճանապարհի անցկացման աշխատանքները։ Իրանցի սահմանապահները միջամտել են և դադարեցրել աշխատանքը, քանի որ, ըստ տեղեկությունների, նրանք չունեն սահմանային գոտում նոր ճանապարհ կառուցելու պաշտոնական հաստատում:

IRNA գործակալությունը հայտնում է, որ այս պահին աշխատանքները դադարեցվել են, և երկու երկրների իշխանությունների ներկայացուցիչները պատրաստվում են քննարկել այդ հարցը։ Դոկարուն անցակետը Իրանի և Աֆղանստանի միջև կարևորագույն առևտրային ուղիներից մեկն է։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական