ԱՄՆ Պետդեպարտամենտը Թուրքիային կոչ է արել ազատ արձակել իրավապաշտպան Օսման Կավալային, ով երկուշաբթի օրը ցմահ ազատազրկման է դատապարտվել։ Քավալային դատել են 2013թ. սահմանադրական կարգը և Թուրքիայի ներկայիս կառավարությունը տապալելու փորձի համար։ Նույն գործով ևս յոթ մեղադրյալներ ստացել են 18 տարվա ազատազրկման վճիռներ։ Միաժամանակ, դատարանը Կավալային արդարացրել է լրտեսության մեղադրանքով։
Անցյալ տարվա հոկտեմբերին Գերմանիայի, Դանիայի, Կանադայի, Նիդերլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, ԱՄՆ-ի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի և Շվեդիայի դեսպանները Թուրքիային կոչ արեցին ազատել Կավալային, որից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարեց ԱԳՆ-ին՝ այդ դիվանագետներին «պերսոնա նոն գրատա» ճանաչել։ Ավելի ուշ այդ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները հայտարարեցին Թուրքիայի օրենքներն ու որոշումները հարգելու մասին։ Դրանից հետո դիվանագիտական ճգնաժամը հարթվեց։