Իրան-Արևմուտք միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունների կողմերը դիտարկում են դեմ առ դեմ հանդիպման հնարավորությունը։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն. «Դեռևս որոշում չի կայացվել՝ երբ և ինչ մակարդակով կկայանա այս հանդիպումը, բայց այն օրակարգում է»,- հավելել է նա։ Միևնույն ժամանակ, դիվանագետը չի հստակեցրել, թե որ երկրների ներկայացուցիչների հանդիպման մասին է խոսքը։ Իրանական միջուկային ծրագրի մասին «Գործողությունների համատեղ համապարփակ պլանն» իր սկզբնական ձևով վերականգնելու և ԱՄՆ-ին այս բազմակողմ համաձայնագրին վերադարձնելու շուրջ ընթացող բանակցություններն արտաքին գործոնների պատճառով ընդմիջվեցին։ Վիեննայի բանակցությունները պետք է ավարտվեին մինչև փետրվարի վերջ։ Պայմանագրերի տեքստը համաձայնեցված է և պարունակում է մոտ 20 էջ։ Խոսքը վերաբերում է միջուկային համաձայնագրի՝ սկզբնական տեսքով իրագործմանը վերադառնալու հետագա միջոցառումներին։