Միջազգային

«Հավատացած եմ, որ ցավերը խորացնելու փոխարեն պետք է միասին կառուցենք ապագան». Էրդողանն ուղերձ է հղել

«Հավատացած եմ, որ ցավերը խորացնելու փոխարեն պետք է միասին կառուցենք ապագան». Էրդողանն ուղերձ է հղել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 24-ի առիթով ուղերձ է հղել Պոլսո Հայոց պատրիարքին և հայ համայնքին, որն ընթերցվել է պատրիարքարանի մայր եկեղեցում կիրակնօրյա պատարագի ժամանակ:

Էրդողանի ուղերձում նշվում է, թե ինքը մեկ անգամ ևս հարգանքով հիշում է Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում մահացած օսմանյան հայերին և անկեղծ ցավակցությունն է հայտնում նրանց ողջ մնացած հարազատներին։

Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ Առաջին աշխարհամարտին հաջորդող տարիներն Օսմանյան կայսրության միլիոնավոր զավակների համար շատ ցավալի շրջան են եղել, և մարդկության պարտքն է կիսել այդ ընդհանուր ցավը՝ առանց կրոնական, էթնիկ ու մշակութային խտրականության:

Էրդողանը նաև շեշտել է «անցյալի վերքերը միասին ամոքելու և մարդկային կապերը ավելի ամրապնդելու կարևորությունը»: «Հավատացած եմ, որ այս տրամաբանությամբ ցավերը ավելի խորացնելու փոխարեն պետք է միասին կառուցենք ապագան՝ ներշնչվելով հազար տարվա արմատներ ունեցող մեր համակեցությունից»:

Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև հայ-թուրքական բանակցային գործընթացին՝ նշելով, որ գիտի և շատ կարևորում է, որ հայ համայնքը անկեղծորեն սատարում է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին և երկու երկրների միջև սերտ համագործակցությանը:

«Ակնկալում եմ, որ դուք էլ ձեր հզոր ներդրումը կունենաք երկար տարիներ անց մեր տարածաշրջանում մնայուն խաղաղության և կայունության համար առաջացած պատմական հնարավորության արժևորման հարցում»,-ասել է Էրդողանը` վստահեցնելով՝ «ամեն ջանք գործադրելու են Թուրքիայի հայ քաղաքացիների խաղաղ ու անվտանգ կյանքի ապահովման համար»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական