Միջազգային

Կիսում ենք 107 տարվա ցավն ու սուգը. Թուրքիայի մեջլիսի քրդամետ կուսակցություն

Կիսում ենք 107 տարվա ցավն ու սուգը. Թուրքիայի մեջլիսի քրդամետ կուսակցություն

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) կենտրոնական գործադիր մարմինը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ:

Հայտարարությունը վերնագրված է՝ «Կիսում ենք 107 տարվա ցավն ու սուգը»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կուսակցության հայտարարության մեջ խոսվում է համատեղ ապագայի կառուցման համար անհրաժեշտ քայլերի մասին։

«100 տարի է անցել Մեծ եղեռնից, որը էթնիկ ինքնության ու հավատի ծրագրված ցեղասպանություն էր: Այն սկսվել էր 1915-ի ապրիլի 24-ին 200 հայ մտավորականներին մահվան ուղարկելով: Այս գործընթացը շարունակվեց հարյուր հազարավոր հայերի աքսորով ու ավելի շատերի համակարգված սպանություններով: Այս քաղաքականությունից ու գործողություններից իրենց բաժինը ստացան նաև այս տարածաշրջանում ապրող մյուս քրիստոնյաները։

Տարբերությունները ջնջելու ու միատարր հասարակություն ստեղծելու, մեկ ռասա, մեկ կրոն, մեկ լեզու գաղափարը գերակա դարձնելու, այս հողերում տարբեր ժողովուրդների ու կրոնների գոյությունը մոռացնել տալու նպատակը ցավալիորեն այն օրերից հասել է մինչև մեր օրեր: «Այս հողերը ամայացրած» ամոթալի երևույթների հետ առերեսման հետաձգումը չի նպաստում հասարակական համերաշխության ու իրականության մասին խոսակցություն բացելուն:

Այս հողերում այս տարածաշրջանի բնիկ ժողովուրդներից հանդիսացող հայ ժողովրդի ու մեր հայ քաղաքացիների հետ խաղաղության մեջ ապրելը ծայրաստիճան կարևոր է: Միևնույն ժամանակ մեր տարածաշրջանի մի մասը համարվող Հայաստանի հետ դիվանագիտական, առևտրական ու տնտեսական հարաբերությունները զարգացնելը բխում է ժողովուրդների շահերից ու կարիքներից:

Այս զգացմունքներով ու մտքերով, որպես Անատոլիայի ու Միջագետքի բնիկ ժողովուրդներ, կիսում ենք 107 տարվա ցավերը, ամբողջ սրտով զգում ենք տեղի ունեցած մարդկային ողբերգությունը և ևս մեկ անգամ տխրությամբ ու հարգանքով հիշում ենք այդ ընթացքում իրենց կյանքը կորցրածներին»,- ասված է հայտարարության եզրափակիչ մասում»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական