Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և աջ պոպուլիստական «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը իրենց առաջին և վերջին հեռուստաբանավեճն անցկացրել են Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլից չորս օր առաջ։ Երկու գործիչների վեճի հիմնական թեմաներից մեկը Ռուսաստանի հետ հարաբերություններն ու Ուկրաինական ճգնաժամն է եղել։
2016 թվականին Լը Պենը Վլադիմիր Պուտինի կառավարման ոճը խելամիտ պրոտեկցիոնիզմ է անվանել՝ հավելելով, որ նա «պաշտպանում է նրա երկրի շահերն ու ինքնությունը»: Այս բանավեճի ընթացքում Մակրոնը քննադատել է Լը Պենին՝ նման դիրքորոշման համար և հիշեցրել 9 միլիոն եվրոյի վարկը, որ իր կուսակցությունը ստացել էր 2014 թվականին՝ «Առաջին չեխ-ռուսական» բանկից, որը, ըստ Մակրոնի, առնչվում է Ռուսաստանի իշխանությունների հետ: «Դուք կախված եք Ռուսաստանի իշխանություններից և Պուտինից»,- ասել է Մակրոնը նրան՝ հավելելով. «Երբ խոսում ես Ռուսաստանի հետ, խոսում ես քո բանկիրի հետ։ Այդ կախվածությունը կարող է բացատրել ձեր շատ գործողություններ»։ Ֆրանսիայի նախագահը նաև հիշեցրել է Լը Պենի հայտարարությունները Ղրիմի վերաբերյալ և հարցրել, թե ինչ հիմքով է այն համարում Ռուսաստանի մաս։
Ի պատասխան՝ Լը Պենը հայտարարել է, որ իրեն համարում է «ամբողջովին և բոլոր առումներով ազատ կին», և հայտարարել է, որ իր վարկը բոլորին հայտնի է։ Առաջին չեխ-ռուսական բանկ դիմելու՝ իր որոշումը նա բացատրել է այսպես. «Դա տեղի ունեցավ, քանի որ ոչ մի ֆրանսիական բանկ չցանկացավ ինձ վարկ տալ»: Հեռուստատեսային բանավեճերն ավանդաբար համարվում են Ֆրանսիայի նախագահական ընտրությունների կարևոր գործոն։ Առաջին փուլի ընթացքում Մակրոնը ստացել է ձայների 27,85%-ը, Լը Պենը՝ 23,15%։ Դատելով սոցհարցումներից՝ այժմ Մակրոնի առավելությունը փոքր-ինչ ամրապնդվել է. տարբեր կանխատեսումների համաձայն՝ գործող նախագահը կարող է հաղթել՝ ստանալով ձայների 53-57%-ը։ Չորեքշաբթի երեկոյան, բանավեճից հետո, Elabe-ի կողմից անցկացված արագ հարցումը ցույց տվել, որ հեռուստադիտողների 59%-ը Մակրոնի փաստարկներն ավելի համոզիչ է համարել, իսկ Լը Պենի խոսքերը համոզել են 39%-ին։