Աշխարհի խոշորագույն կրիպտո-բորսան՝ Binance-ը, կսահմանափակի իր ծառայությունների հասանելիությունը Ռուսաստանից եկած օգտատերերի համար, որոնց ակտիվները գերազանցում են 10 հզ եվրոն: Այս մասին հաղորդագրություն է հայտնվել Binance կայքում։ Ռուս օգտատերերը կկարողանան օգտվել միայն դուրսբերման գործառույթից։ Նրանց համար կփակվեն առևտուրը և դրամական միջոցների մուտքագրումը հաշիվներին:
Ռուսաստանյան օգտատերերի հաշիվները, որոնց ակտիվները չեն գերազանցում 10 հազար եվրոն, ինչպես նաև արտասահմանում ապրող ռուսների հաշիվների վրա նոր կանոնները չեն ազդի։ Ռուսաստանից նոր օգտատերերը, որոնց հաշիվների մնացորդը չի գերազանցում 10 հզ եվրոն, դեռ կկարողանան գրանցվել բորսայում, եթե կատարեն ստուգման ընթացակարգի համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Binance-ի սահմանափակումները կապված են ԵՄ պատժամիջոցների հինգերորդ փուլի հետ։ Դա, ի թիվս այլ բաների, ենթադրում է Ռուսաստանի հետ կապված անձանց կրիպտո-ակտիվների կառավարման ծառայությունների սահմանափակում։