Իրաքում Թուրքիայի ռազմական գործողության նպատակը նոր տարածքներ ձեռք բերելը չէ։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ։
Երկուշաբթի գիշերը Թուրքիայի զինված ուժերը Հյուսիսային Իրաքում Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) անդամների դեմ նոր ռազմական գործողություններ են սկսել՝ երկրի ռազմաօդային ուժերի ու հատուկ ջոկատայինների մասնակցությամբ։ Թուրքական կործանիչները ավիահարվածներ են հասցրել Իրաքի Մետինա, Զապ և Ավաշին շրջաններին։ Անկարան PKK-ին համարում է ահաբեկչական կազմակերպություն և երկրի ազգային անվտանգության գլխավոր սպառնալիքներից մեկը։ Նման անդրսահմանային գործողությունների համար զինվորականներին սանկցիա է տալիս խորհրդարանը, որը վերջին տարիներին երկարաձգել է մեկ տարով տրված համապատասխան մանդատը։ Բաղդադն, իր հերթին, դատապարտում է թուրք զինվորականների գործողությունները՝ դրանք համարելով Իրաքի ինքնիշխանության խախտում։