«Freedom Hause»-ը հրապարակել է իր «Nations in Transit 2022» տարեկան զեկույցը՝ անդրադառնալով եվրասիական 29 երկրներին, այդ թվում Հայաստանին։ Իրավապաշտպան կազմակերպության պնդմամբ 2004թ-ից սկսած նախկինում ավտորիտար երեք երկրներ՝ Մոլդովան, Կոսովոն և Հայաստանը, քայլեր են ձեռնարկել ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ, որի արդյունքում դարձել են հիբրիդային ռեժիմներ:
Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանին և ԼՂ հակամարտության արդյունքում առաջացած իրավիճակին։ Freedom House-ի կարծիքով՝ 2020 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «ռազմական հարձակում սկսեց հայկական ուժերի դեմ Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքում՝ սպանելով հազարավոր մարդկանց և տեղահանելով շատերին»։ Ըստ զեկույցի՝ հակամարտությունը, որը լրջորեն ապակայունացրեց տարածաշրջանի անվտանգության համակարգը, հանգեցրեց տարածքային ձեռքբերումների հօգուտ Բաքվի, ամրապնդեց Ադրբեջանի նախագահի քաղաքական դիրքերը և առիթ ստեղծեց ազատ խոսքի ու ազատությունների հետագա բռնաճնշման համար: Freedom House-ը նկատում է, որ «Ալիևի՝ ռազմական ագրեսիայի օգտագործմամբ ակնհայտ հաջողությունը իր իշխանությունն ամրապնդելու հարցում կարող է նպաստած լինել Վլադիմիր Պուտինի՝ 2022 թվականի փետրվարին Ուկրաինա ներխուժելու որոշմանը», հատկապես այն դեպքում, երբ Պուտինն ինքը բազմիցս դիմել է նման քայլի՝ իր քաղաքական դիրքերն ամրապնդելու համար: