ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը երեքշաբթի օրը Պանամայի նախագահ Լաուրենտինո Կորտիզոյի հետ քննարկել է Ռուսաստանին «համատեղ դիմակայելու» անհրաժեշտության հարցերը։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
Բլինկենը և ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորկասը Պանամայում հանդիպել են Կորտիզոյի և Պանամայի ԱԳ նախարար Էրիկա Մույնեսի հետ։ Խոսվել է անօրինական միգրացիայի դեմ պայքարում համագործակցության կարևորության մասին։ «Նրանք նաև քննարկել են տնտեսական կապերի ամրապնդումը, Լոս Անջելեսում հունիսին կայանալիք Ամերիկաների գագաթնաժողովի նախապատրաստությունը՝ տարածաշրջանում ժողովրդավարության և առաջնորդության ամրապնդման համար, ինչպես նաև՝ միասին աշխատելու անհրաժեշտությունը՝ դիմակայելու Կրեմլի սանձազերծած պատերազմին»,- ասել է Փրայսը:
Անցյալ շաբաթ պետքարտուղարի՝ արևմտյան կիսագնդի հարցերով օգնական Բրայան Նիկոլսը լրագրողներին ասել էր, որ Վաշինգտոնն ակնկալում է, որ արևմտյան կիսագնդի երկրները կմիանան Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։