Թուրքիան շարունակում է իր սահմաններին պատեր ու աշտարակներ կառուցել, տեսախցիկներ ու ջերմատեսիլ սարքեր տեղադրել: Դրանից բացի պատերի երկայնքով իրականացվելիք պարեկային ծառայության մեքենաների համար ճանապարհներ են կառուցվում, անցկացվում են լուսավորություն ու հոսանքի գծեր։ Պաշտոնապես հաղորդվում է, որ այդ աշխատանքները կատարվում են մեծամասամբ Սիրիայից ու Իրանից փախստականների հոսքը կանխելու ու սահմանների վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով:
Սիրիայի հետ 911 կիլոմետրանոց սահմանի 873 կմ-ի հատվածում ավարտվել են պատի կառուցման աշխատանքները: Իրանի հետ սահմանին էլ մինչ այս պահը արդեն 191կմ հատվածում ավարտվել են պատի ու ճանապարհի կառուցման լուսավորության անցկացման, տեսախցիկների ու ջերմատեսիլ սարքերի տեղադրման աշխատանքները: Ընդհանուր առմամբ ապօրինի սահմանահատումների տեսանկյունից ռիսկային գնահատվող Թուրքիայի արևելյան ու հարավարևելյան 2.949կմ երկարությամբ սահմանների 1028 կիլոմետրանոց հատվածում ավարտվել են պատի ու պարեկային ծառայության համար նախատեսված ճանապարհի կառուցման աշխատանքները:
Սահմանային անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով Թուրքիայի սահմանապահ ծառայությանը հատկացվել է նաև 139 հետախուզական ու դիտարկման զրահամեքենաներ: Դրանցից 82-ւ կօգտագործվի արևելյան, իսկ 57-ը արևմտյան սահմաններին ծառայություն կազմակերպելու համար: