Բրիտանական պատժամիջոցների ցուցակում են ներառվել «Lukoil»-ի նախագահ Վագիտ Ալեքպերովը, «АФК Система»-ի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովը և «Ռուսական երկաթուղիների» նախկին նախագահ Վլադիմիր Յակունինը։ Չորեքշաբթի օրը բրիտանական կառավարության կայքում տեղադրվել է փաստաթղթի թարմացված տարբերակը, որում ներառված են ևս 206 անձինք՝ Ռուսաստանից, ԼԺՀ-ից, ԴԺՀ-ից, Ուկրաինայից և Ուզբեկստանից:
Բրիտանական պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել է նաև ուկրաինական «Ընդդիմադիր պլատֆորմ - կյանքի համար» կուսակցության ղեկավար Վիկտոր Մեդվեդչուկը։ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն նշում է, որ չորեքշաբթի պատժամիջոցները տարածվել են Դոնբասի 178 «ռուս անջատողականների» վրա։ Առանձին նշվում են Դոնեցկի կառավարության նախագահ Ալեքսանդր Անանչենկոն և Լուգանսկի նախարարների խորհրդի նախագահ Սերգեյ Կոզլովը։
Ցուցակում ներառվածների թվում են նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կինը՝ Մարիան, գործարար Գենադի Տիմչենկոյի կինը՝ Ելենան, Ալիշեր Ուսմանովի քույրերը՝ Սաոդատ Նարզիևան և Գուլբահոր Իսմայիլովան, «Սուրգուտնեֆտեգազի» գլխավոր տնօրեն և համասեփականատեր Վլադիմիր Բոգդանովը, «Օզոնի» նախկին գլխավոր տնօրեն Ալեքսանդր Շուլգինը, Ռուսաստանի նախագահ Պուտինի խորհրդական Անդրեյ Ֆուրսենկոն, «ESN» կոնցեռնի սեփականատեր Գրիգորի Բերեզկինը, «Տրանսմաշհոլդինգի»-ի նախագահ Անդրեյ Բոկարևը, «Գազպրոմբանկի» փոխնախագահ Սերգեյ Ֆուրսենկոն, ձեռնարկատերեր Սայիդ Քերիմովը, Ֆարխադ Ախմեդովը և Իգոր Կեսաևը։