Թուրքիայի՝ մրցակից երկրների հետ հարաբերությունների կարգավորման փորձերը թափ են հավաքելու կարևոր այցերով ու հանդիպումներով դեպի Իսրայել, Եգիպտոս և Սաուդյան Արաբիա։ Այս մասին Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորների հետ հանդիպմանն ասել է ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է Hurriyet-ը։
Չավուշօղլուն պատգամավորներին պատմել է կառավարության ջանքերի մասին՝ կարգավորելու հարաբերությունները այն երկրների հետ, որոնց հետ Թուրքիայի կապերն անցնող տարիներին սրվել էին։ Այդ երկրներն են ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Իսրայելը, Եգիպտոսը և Հայաստանը։ «Մենք երկար ճանապարհ ենք անցել ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի հետ: Ջամալ Խաշոգջիի գործի փոխանցումը և դատական համագործակցության ակտիվացումը համահունչ էին Սաուդյան Արաբիայի հետ կարգավորման գործընթացին»,- ասել է Չավուշօղլուն։
Ակնկալվում է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թագավոր Սալմանի և թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանի հրավերով կայցելի Սաուդյան Արաբիա: Կողմերից որևէ մեկը, սակայն, այցը դեռևս չի հաստատել։ Մեկ այլ երկիր, որի հետ Թուրքիան բանակցություններ է վարում հարաբերությունների կարգավորման շուրջ, Իսրայելն է։ «Կարևոր զարգացումներ կան Իսրայելի հետ հարաբերությունների հետ կապված։ Մենք կայցելենք Իսրայել։ Պաղեստինը նույնպես ողջունում է Իսրայելի հետ մեր հարաբերությունների բարելավումը»,- ասել է Չավուշօղլուն պատգամավորներին։ Նշվում է, որ Էրդողանը նաև պատրաստվում է Իսրայել այցելել ԱԳ նախարար Մևլութ Չավուշօլուի և ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարի այցից հետո՝ դրանց արդյունքները հաշվի առնելով։
Չավուշօղլուն խոսել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացից։ Նշենք, որ հունվար և փետրվար ամիսներին տեղի են ունեցել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցով նշանակված հատուկ բանագնացների հանդիպումները։ Բացի այդ, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեկնել էր Անթալիայի դիվանագիտական ֆորումին, որի ընթացքում հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարարին։ «Մենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը համակարգում ենք Ադրբեջանի հետ»,- ընդգծել է Չավուշօղլուն։