«Ազգային միավորում» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենն ընտրությունների երկրորդ փուլից առաջ փոխել է իր նախընտրական քարոզարշավի պաշտոնական կարգախոսը։ Այս մասին երեքշաբթի հայտնել է ֆրանսիական BFM հեռուստաալիքը։ «Բոլոր ֆրանսիացիների համար» կարգախոսն այժմ կհայտնվի նախընտրական բուկլետներում՝ քաղաքական գործչի դիմանկարով։ Սկզբում մակագրությամբ լուսանկարը հրապարակել էր Եվրախորհրդարանի պատգամավոր Ջորդան Բարդելլան՝ Լը Պենի նախընտրական քարոզարշավի հանրահավաքների ղեկավարը։
Կարգախոսը համապատասխանում է նախագահի թեկնածուի՝ ապրիլի 10-ին կայացած առաջին փուլի նախնական արդյունքների հրապարակումից հետո արված հայտարարությանը։ Ինչպես Լը Պենը վստահեցրել էր ընտրողներին, նա «ազատվել է կուսակցական կապանքներից»՝ թողնելով ասոցիացիայի նախագահի պաշտոնը, և պատրաստ է «բոլոր ֆրանսիացիների նախագահը դառնալ»։
Ֆրանսիայում նախագահական քվեարկության մեկնարկից առաջ Լը Պենն օգտագործել է «Կին պետական գործիչ՝ Ֆրանսիայի համար» կարգախոսը։ Ընտրությունների առաջին փուլում նա զբաղեցրել է երկրորդ տեղը՝ հավաքելով ձայների 23,15%-ը և պարտվել Էմանուել Մակրոնին (27,84%)։