Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը երկուշաբթի օրը փորձել է համոզել Հնդկաստանին՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում հետևել իրենց ուղուն՝ առաջարկելով ավելացնել ռազմական և տնտեսական համագործակցությունը։ Սպիտակ տան ղեկավարը տեսազրույց է ունեցել վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, իսկ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Վաշինգտոնում դեմ առ դեմ զրուցել են իրենց հնդիկ գործընկերներ Սուբրահմանյամ Ջայշանկարի և Ռաջնաթ Սինգհի հետ:
Իր հերթին, ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջեն Փսակին նշել է, որ Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի փոխտնօրեն Դյուլիպ Սինգհը, վերջերս Նյու Դելի կատարած այցի ժամանակ, Հնդկաստանի իշխանություններին հիշեցրել է հակառուսական պատժամիջոցների առումով համապատասխանության կարևորության մասին և օգնություն առաջարկել՝ Ռուսաստանից նավթի մատակարարումներից կախվածությունը նվազեցնելու համար: