ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը ողջունել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի բրյուսելյան հանդիպումը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի անունից արված հայտարարության մեջ ասված է. «Մենք ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակով շարունակվող անմիջական փոխգործակցությունից։ Ի գիտություն ենք ընդունում կողմերի պատրաստակամությունը հետագա բանակցություններին և կոնկրետ քայլերին՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը»։
ՄԱԿ-ի ներկայացուցիչը երախտագիտությամբ է նշել Եվրամիության դերը շփումների շարունակմանը նպաստելու գործում և կոչ է արել կողմերին բոլոր վիճելի հարցերը լուծել երկխոսության միջոցով և գոյություն ունեցող ձևաչափերի շրջանակներում. «ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել բոլոր նման ջանքերին, այդ թվում՝ մարդասիրական, վերակառուցման և խաղաղության հաստատմանը նպաստելու միջոցով»։