Թուրքիան որոշել է լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործը պաշտոնապես փոխանցել Սաուդյան Արաբիայի դատարանին։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է NTV հեռուստաալիքը՝ հղում անելով Թուրքիայի արդարադատության նախարարությանը։
Ավելի վաղ դատարանը հեռակա ձերբակալել էր Սաուդյան Արաբիայի 26 քաղաքացու, սակայն գրեթե երկու տարվա ընթացքում այս գործով շոշափելի առաջընթաց չի գրանցվել։ Խաշոգջիի հարսնացուն՝ Հաթիջե Ջենգիզը, ասել է, որ դատավարությունը դադարեցվել է Էր Ռիադի՝ թուրքական իշխանությունների հետ համագործակցությունից հրաժարվելու պատճառով։
Խաշոգջին, ով հայտնի էր Սաուդյան Արաբիայի քաղաքականության վերաբերյալ իր քննադատությամբ, 2017 թվականից ապրում էր ԱՄՆ-ում, որտեղ աշխատել է The Washington Post-ում։ Նա անհետացել է 2018 թվականի հոկտեմբերի 2-ին՝ Ստամբուլում իր երկրի գլխավոր հյուպատոսություն այցելելիս։ Նույն թվականի հոկտեմբերի 20-ին Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտնել էին, որ Խաշոգջին սպանվել է դիվանագիտական ներկայացուցչության շենքում։ Միջազգային հանրությունը դատապարտել է այս հանցագործությունը՝ կոչ անելով Էր Ռիադին՝ թափանցիկ հետաքննություն անցկացնել։
Սաուդյան Արաբիայում Խաշոգջիի սպանության գործով վերջնական դատավճիռները հրապարակվել են 2020 թվականի սեպտեմբերի 7-ին։ Հինգ հոգի դատապարտվել է 20 տարվա ազատազրկման, մեկ այլ մեղադրյալ՝ 10, երկուսը՝ 7 տարվա ազատազրկման։ Քրեական գործը ճանաչվել է «մասնավոր» և հրապարակայնորեն փակված»։ Դատապարտյալների անունները չեն հրապարակվում։