Մեղադրող կողմի խոսքով՝ խուզարկվողները մասնակցել են կորոնավիրուսային սահմանափակումների դեմ բողոքի ցույցերին, բռնություն հրահրել, ինչպես նաև՝ հարձակվել ձախակողմյան ակտիվիստների վրա։
Գերմանիայի իրավապահ մարմինները խուզարկություններ են անցկացրել աջ ծայրահեղականների բնակարաններում, ովքեր կասկածվում են անօրինական խմբավորում ստեղծելու մեջ։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Գերմանիայի գլխավոր դատախազությունը։
Խուզարկությունները տեղի են ունեցել Գերմանիայի 11 նահանգներում։ Էյզենախ քաղաքում (Թյուրինգիա) ձերբակալվել է չորս քաղաքացի, ընդհանուր առմամբ՝ խմբավորմանը մասնակցելու մեջ կասկածվում է 50 մարդ։ Ըստ մեղադրող կողմի՝ աջ ծայրահեղականները մասնակցել են ընդդեմ կորոնավիրուսային սահմանափակումների բողոքի ցույցերին, բռնություն հրահրել, ինչպես նաև՝ հարձակվել ձախակողմյան ակտիվիստների վրա։
2020 թվականի վերջին տվյալներով՝ Գերմանիայում աջ արմատականների կողմից կատարված հանցագործությունների թիվն աճել է 5%-ով՝ հասնելով 22,3 հազարի։ Ընդհանուր առմամբ՝ Գերմանիայում աջ ծայրահեղական գաղափարախոսության կողմնակիցների շարքին է դասվում 33 հազար մարդ, նրանցից 13 հազարը, ըստ իրավապահների, հակված են բռնության։