Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկի, ինչպես նաև Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության հայտարարություններն այն մասին, թե իբր Վրաստանը փորձում է օգնել Ռուսաստանին մաքսանենգ ճանապարհով ՌԴ հասցնել պատժամիջոցների տակ գտնվող ապրանքները, անհիմն են և անհեթեթ։ Անդրադառնալով պաշտոնական Կիևի մեղադրանքներին, Վրաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարել է. «որ սա ամենևին չհիմնավորված և անհեթեթ մեղադրանք է»։
Ինչպես նշել են գերատեսչությունում, Վրաստանը բոլոր անցակետերում իրականացնում է ապրանքների խիստ վերահսկողություն՝ արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանման առաջին իսկ օրվանից։ Ֆինանսների նախարարությունը հավելել է, որ ռազմական և երկակի նշանակության ցանկացած ապրանք ենթարկվում է մանրակրկիտ ստուգման։
Ավելի վաղ Իրինա Վերեշչուկը վրացական «Ֆորմուլա» հեռուստաալիքին տված հարցազրույցում, վկայակոչելով Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը, հայտարարել էր, որ Թբիլիսին և Մոսկվան իբր բանակցում են զենքի տեղափոխման «մաքսանենգ ճանապարհի» շուրջ։ Իր հերթին, Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին այս հայտարարությունը սուտ է անվանել։ «Պարզ ասած՝ սուտ է։ Գործընկեր երկրի կողմից նման ապատեղեկատվությունը, հատկապես այս պայմաններում, միանգամայն անընդունելի է»։