Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել ընտրական օրենքում փոփոխություններին, որոնք կարող են ընտրակեղծիքների ճանապարհ բացել և ուղղված են հաջորդ ընտրություններում խորհրդարանի վերահսկողությունը ստանալու ընդդիմադիր դաշինքի հնարավորությունները նվազեցնելուն։ Այդ մասին հաղորդել է Associated press-ը։
Խորհրդարանը եռօրյա քննարկումներից հետո հաստատել է փոփոխությունները: Բարեփոխումները հավանության են արժանացել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող կուսակցության և նրա ազգայնական դաշնակիցների կողմից, որոնք մեծամասնություն են կազմում խորհրդարանում: Ի թիվս այլ բաների, բարեփոխումները խորհրդարան անցնելու շեմը 10 տոկոսից նվազեցնում են մինչև 7 տոկոսի, փոխում են օրենսդիր մարմնում մանդատների բաշխումը դաշինքի անդամների միջեւ և ընտրությունների արդյունքների վիճարկման վերահսկողությունը դնում են վիճակահանությամբ ընտրված դատավորների վրա: Փոփոխությունները ուժի մեջ կմտնեն հաջորդ տարի։
Ընդդիմադիր կուսակցությունները փոփոխություններն անվանել են իշխանության ղեկին մնալու իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հուսահատ փորձ, որը, ըստ սոցիոլոգիական հարցումների, ձախողվում է: Էրդողանի կուսակցության բարձրաստիճան պաշտոնյա Հայաթի Յազըջին, որը մշակել է բարեփոխումները, պնդել է, որ դրանք ավելի լավ են արտացոլում «ժողովրդի կամքը» ընտրություններում: Հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը խոստացել է վիճարկել որոշ փոփոխություններ Թուրքիայի բարձրագույն դատարանում:
Ձայների բաշխման ձևի փոփոխությունները, ամենայն հավանականությամբ, ոչ շահեկան վիճակում կդնեն ավելի փոքր կուսակցություններին և անիմաստ կդարձնեն ընդդիմադիր դաշինքին նրանց միանալը: Եթե նախկինում խորհրդարանում մանդատները բաշխվում էին դաշինքի հավաքած ձայների ընդհանուր քանակով, ապա փոփոխությունների դեպքում տեղերը կբաշխվեն ըստ յուրաքանչյուր կուսակցության ստացած ձայների։