Միջազգային

Ռուս օլիգարխները տեղափոխվում են Թուրքիա

Ռուս օլիգարխները տեղափոխվում են Թուրքիա

Ռուս օլիգարխները նոր «տուն» են փնտրում և Թուրքիան իրեն արագորեն երաշխավորել է, որպես ցանկալի հյուրընկալող, գրում է ամերիկյան CNBC հեռուստաընկերությունը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն շաբաթ օրը CNBC-ին ասել է, որ ողջունում է պատժամիջոցների ենթարկված ռուս օլիգարխների մուտքը երկիր՝ որպես զբոսաշրջիկների և ներդրողների, քանի դեռ նրանց բիզնես գործարքները համապատասխանում են միջազգային իրավունքին: Դրան նախորդել է նաև Թուրքիայի նախագահ Էրդողանի նմանատիպ հայտարարությանը։ Մեկնաբանությունները ենթադրություններ են առաջացրել, որ Թուրքիան՝ ԵՄ անդամ չլինելով, բայց լինելով ՆԱՏՕ-ի անդամ երկիր, կարող է ակտիվորեն խրախուսել սև ցուցակում հայտնված ռուս միլիարդատերերի ներդրումները, քանի որ փորձում է զարգացնել ճգնաժամի մեջ գտնվող իր տնտեսությունը:

Ըստ Reuters-ի՝ հարուստ ռուսներն ակտիվորեն ներդրումներ են փնտրում այնտեղ, սակայն ցանկացած հեռանկարային ձեռքբերում կարող է անհեռատես լինել մի երկրի համար, որը կազմակերպում է նուրբ բալանսավորող գործողություն Ռուսաստանի և Արևմուտքի միջև: «Ռուսական փողեր ներգրավելը կարող է երկարաժամկետ վնաս հասցնել Թուրքիային», – CNBC-ին ասել է Թուրքիայում Ատլանտյան խորհրդի ավագ տնօրեն և Անկարայում ԱՄՆ դեսպանատան նախկին տնտեսագետ Դեֆնե Արսլանը:

Լրատվամիջոցը գրում է, որ Թուրքիան խստորեն քննադատում է Մոսկվայի ներխուժումը, սակայն չի կիրառում այնպիսի պատժամիջոցներ, ինչպիսիք են ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի և մյուսների կողմից սահմանված պատժամիջոցները: Փոխարենը փորձում է լինել չեզոք միջնորդ։ Արևմտյան դաշնակիցները չեն ճնշել Թուրքիային՝ միանալու պատժամիջոցներին, ոչ էլ հավանաբար կպատժեն նրան դա չանելու համար: Սա Թուրքիային դարձրել է լեգիտիմ փրկօղակ պատժամիջոցների ենթարկված ռուսներին պատկանող ակտիվների համար: Օտարերկրյա ներդրումների և ակտիվների ներհոսքը կարող է բարենպաստ լինել թուրքական տնտեսության համար, որն անցած սեպտեմբերին ընկավ ճգնաժամային ռեժիմի մեջ։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական