Եվրահանձնաժողովը մտադիր է մեծացնել ԱՄՆ-ից հեղուկացված բնական գազի (LNG) գնումները՝ Ուկրաինա ռուսական ներխուժման և Ռուսաստանից գազի մատակարարումը դադարեցնելու սպառնալիքի ֆոնին։ Այս մասին հինգշաբթի՝ մարտի 31-ին, հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը՝ Բրյուսելում կայացած ճեպազրույցում։
2021 թվականին ԱՄՆ-ն ու ԵՄ-ն համաձայնել են շուրջ 22 միլիարդ խորանարդ մետր հեղուկ գազ Եվրոպա մատակարարելու շուրջ։ Այժմ ԵՄ-ն ակնկալում է հավելյալ 15 միլիարդ խորանարդ մետր գազ ստանալ, որը համապատասխանում է ԵՄ կողմից ներմուծվող ռուսական գազի ծավալի 10%-ին։ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը միաժամանակ ընդգծել է, որ ԱՄՆ-ից մատակարարումները Եվրամիության կողմից ձեռնարկվող քայլերից միայն մեկն են՝ նվազեցնելու կախվածությունը ռուսական էներգակիրներից։ Եվրահանձնաժողովն ակնկալում է, որ հաջորդ տարի ԱՄՆ-ից ԵՄ լրացուցիչ գազ մատակարարումների ծավալը կաճի ևս 35 միլիարդ խորանարդ մետրով՝ հասնելով տարեկան մինչև 50 միլիարդ խորանարդ մետրի։
ԵՄ-ն հրաժարվում է գազի դիմաց վճարել ռուբլով
Մարտի 31-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ապրիլի 1-ից «ոչ բարեկամ երկրներին» բնական գազի վաճառքի նոր կանոններ սահմանելու մասին։ Այս ցանկից ռեսուրսի գնորդ պետությունները պետք է Գազպրոմբանկում բացեն ռուբլու և արտարժույթի հատուկ հաշիվներ՝ գազի դիմաց ռուբլով վճարելու համար։ «Բանկը կընդունի վճարումներն արտարժույթով և ինքնուրույն կվերափոխի այն ռուբլու»․ ասվում է փաստաթղթում: Մի քանի օր առաջ Պուտինը պահանջել էր, որ «անբարյացակամ երկրները» գազի ու նավթի մատակարարումների դիմաց վճարեն ռուբլով։ Եվրամիության երկրներն ու «G7-ը» մերժել են այս պահանջը։ Գերմանիայի տնտեսական հարցերի և կլիմայի պաշտպանության նախարար Ռոբերտ Հաբեկը մարտի 30-ին ակտիվացրել է արտակարգ իրավիճակների վաղ նախազգուշացման ռեժիմը՝ Ռուսաստանից գազի մատակարարման դադարեցման դեպքում։