Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատժամիջոցների ցուցակում ընդգրկել է ռուսական «Russia Today» հեռուստաալիքը, «Россия Сегодня» մեդիա խումբը, ինչպես նաև Ռուսաստանի 12 քաղաքացու, այդ թվում՝ Ռուսաստանի պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավարին և լրագրող Սերգեյ Բրիլևին։ Թարմացված սև ցուցակը հրապարակվել է հինգշաբթի առավոտյան՝ բրիտանական կառավարության կայքում։
Փաստաթղթում ասվում է, որ «Russia Today»-ի ակտիվները Մեծ Բրիտանիայում կսառեցվեն, քանի որ կազմակերպությունը «գործում է Ռուսաստանի կառավարության համար ռազմավարական կարևոր տարածքում, մասնավորապես՝ տեղեկատվության, կապի և թվային տեխնոլոգիաների ոլորտում», և աջակցություն է ստանում ՌԴ պետությունից։
Նոր պատժամիջոցների տակ են հայտնվել Նատալյա Սկորոխոդովան, Սվետլանա Զամլելովան, Իրինա Բուբնովան, Ալեքսանդր Բեսպալովը, «Գազպրոմ-մեդիա հոլդինգ» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն Ալեքսանդր Ժարովը, «RT»-ի գործադիր տնօրեն Ալեքսեյ Նիկոլովը, «Sputnik»-ի ղեկավար Անտոն Անիսիմովը, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի տնօրեն Վլադիմիր Մաքսիմենկոն, ինչպես նաև հիմնադրամի հետ համագործակցող լրագրողներ և փորձագետներ։