ՆԱՏՕ-ի պաշտպանության ընդհանուր ծախսերը 2021 թվականին ավելացել են 270 միլիարդ դոլարով կամ 3,1 տոկոսով՝ 2020-ի համեմատությամբ։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Բրյուսելում ներկայացնելով 2021թ․ անվտանգության տարեկան զեկույցը։ «2021-ն արդեն դարձել է յոթերորդ տարին, երբ ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերը հետևողականորեն ավելացել են։ 2021թ․ աճը կազմել է 3,1%, որը կազմում է 270 միլիարդ դոլար»,- ասել է Ստոլտենբերգը։
Միաժամանակ, Ստոլտենբերգը դաշինքի երկրներին հիշեցրել է, որ պաշտպանությանը ՀՆԱ-ի 2% հատկացնելու պահանջը «ռազմական ծախսերի նվազագույն արժեքն է»՝ հույս հայտնելով, որ դաշինքի երկրները կշարունակեն ավելացնել պաշտպանական ծախսերը։ Նա հիշեցրել է, որ 2014 թվականին ՆԱՏՕ-ի երկրները որոշել են 10 տարվա ընթացքում, այսինքն՝ մինչև 2024թ․, ավելացնել դաշինքի անդամ բոլոր երկրների ռազմական ծախսերը մինչև ՀՆԱ-ի 2%։
Իրականում, 2021 թվականին 30 երկրներից միայն ութն է հասել ՀՆԱ-ի 2%-ի նշագծին, ինչի մասին վկայում է գլխավոր քարտուղարի զեկույցում ներկայացված վիճակագրությունը։ ՆԱՏՕ-ում «գերազանց ուսանողներ» են Հունաստանը (3,59%), ԱՄՆ-ն (3,57%), Լեհաստանը (2,34%), Մեծ Բրիտանիան (2,25%), Խորվաթիան և բալթյան երկրները։ Ֆրանսիան մոտեցել է 2%-ին (1,88%), իսկ ՆԱՏՕ-ի մյուս առաջատար երկրները դեռ հեռու են այս նշագծից. Թուրքիա (1,6%), Իտալիա (1,54%), Գերմանիա (1,49%), Իսպանիա (1,03%)։
Սակայն դաշինքի պաշտոնյաները չեն թաքցնում, որ ակնկալում են դաշինքի անդամ եվրոպական երկրների ռազմական ծախսերի կտրուկ աճ՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկից և ՆԱՏՕ-ի կողմից երկարաժամկետ ամրապնդման վերաբերյալ որոշումներից հետո: