Միջազգային

Թուրքիան դիվանագիտական ջանքերի հաջողությունը փորձելու է կապիտալիզացնել նաև մեր տարածաշրջանում․ Վեզիրյան

Թուրքիան դիվանագիտական ջանքերի հաջողությունը փորձելու է կապիտալիզացնել նաև մեր տարածաշրջանում․ Վեզիրյան

Այսօր Ստամբուլում կայացան ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրկությունների բանակցությունները։ Radar Armenia-ի հետ զրույցում թուրքագետ Անահիտ Վեզիրյանը հիշեցրեց Թուրքիայի՝ դեռ նախորդ տարի արած հայտարարությունները, որ պատրաստ է միջնորդ լինել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև. «Ռուսական որոշ շրջանակների կողմից այդ հայտարարությունը քմծիծաղով էր ընդունվում, սակայն Թուրքիայի  հետևողական աշխատանքն ու տարբեր մակարդակներում բազմաշերտ քայլերն իրենց արդյունքը տվեցին»։

Ըստ թուրքագետի՝ անկախ նրանից, թե ինչպիսին կլինեն Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքները, սա Թուրքիայի դիվանագիտության համար մեծ ձեռքբերում է, որն այդ երկիրը տարբեր կողմերով փորձելու է օգտագործել՝ սեփական շահերն առաջ տանելու համար։

«Թուրքիան այս խաղի մեջ ներգրավվելու համար ունեցել է թե՛ նվազագույն, թե՛ առավելագույն նպատակներ։ Իմ դիտարկմամբ՝ նվազագույնը եղել է այն, որ Թուրքիան չտուժի տարբեր գործընթացներից՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին չմիանալու հետևանքով։ Երկու կողմից էլ գործընթացն այնպես է առաջ տարել, որ ո՛չ ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ ընկնի, ո՛չ էլ հանդիպի ռուսական կողմի հակադրությանը կամ հարաբերությունների որոշակի լարմանը։ Այժմ նվազագույն խնդիրը լուծել է, հիմա էլ առաջ է գնում։ Առավելագույն նպատակն էլ իր դերի, աշխարհաքաղաքական կշռի բարձրացմանը ձգտելն է»։

Վեզիրյանի խոսքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ-ին ուղղված հայտարարությունները ևս ուշագրավ են. «Էրդողանը քողարկված պահանջներ է ներկայացնում ԱՄՆ-ին, ինչը նույնպես կարելի է համարել նվազագույն նպատակները բավարարելու փորձ։ Իր դերի բարձրացումն օգտագործում է՝ ԱՄՆ-ից խնդրելով, որ ռազմական արդյունաբերության ոլորտում Թուրքիայի դեմ պատժամիջոցները վերացվեն, «քանի որ դրանք չեն համապատասխանում իրենց դաշնակցային ոգուն»։ Թուրքիան նշում է, թե կապող օղակ է ՌԴ-ի ու Ուկրաինայի միջև, բայց փոխարենը Արևմուտքն էլ պետք է հրաժարվի պատժամիջոցներից»։

Անդրադառնալով տարածաշրջանային հնարավոր զարգացումներին՝ թուրքագետը նշեց, որ ռուս-ուկրաինական հակամարտության երկարաձգումը որոշակիորեն տարածություն է բացել Ադրբեջանի համար, իսկ Ադրբեջան ասելով նաև ինչ-որ չափով պետք է հասկանալ նաև Թուրքիա. «Քանի որ աշխարհի ուշադրությունն ուղղված է Ուկրաինային, փորձելու են հնարավորինս օգուտ քաղել իրավիճակից։ Բնական է՝ որևէ ուղղությամբ հաջողությունը Թուրքիան փորձելու է հետագայում ամրապնդել թե՛ այդ ուղղությամբ, թե՛ այդ ուղղության հաշվին։ Մեր տարածաշրջանը Թուրքիայի համար չափազանց մեծ կարևորություն ունի, որովհետև ակնհայտ է, թե ինչպես է վերաբերվում  կոմունիկացիաների բացմանը՝ դա դիտարկելով որպես կապ դեպի Կենտրոնական Ասիա, թյուրքական աշխարհ։ Թուրքիան դիվանագիտական ջանքերի հաջողությունը փորձելու է կապիտալիզացնել այլ ուղղություններով, որոնցից մեկը կարող է լինել նաև մեր տարածաշրջանը»։

Մարիամ Սարգսյան

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական